«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ տեղի են ունենալու Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունները և Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվելու ՎՊ նախկին փոխնախագահ, աշնանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից ազատված Լևոն Յոլյանը:

Ինքը՝ Լևոն Յոլյանը, երեկ «Փաստի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Կարո՞ղ եմ պահել No comment ռեժիմը, ոնց որ պահել եմ որպես գործազուրկ: Ոչ մի խոսակցություն չի եղել»: ՎՊ նախագահի այս թեկնածուն ևս շքեղ տուն ունի: Նկարում պատկերվածը Ալեք Մանուկյան 7/5 հասցեում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության շենքն է, որտեղ տեղակայված է Յոլյանի 2 հարկանի բնակարանը:

Ավելի ճիշտ` հյուպատոսության 6 հարկանի շենքի առաջին հարկի 3 փոքր սենյակներն են ծառայում որպես հյուպատոսարան:

Մյուս հարկերը բնակելի են և պատկանում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Լևոն Յոլյանին և Հայաստանում Ուրուգվայի հյուպատոս, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Արմեն Հայրապետյանին: Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրով ունի 2 բնակարան, 3 հասարակական և 1 արտադրական նշանակության շինություն, 1–ական հողամաս և ավտոտնակ: Հիշեցնենք, որ Յոլյանը տարբեր տարիներին զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի, ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնները: 2004 թ.–ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է։ Որոշ տեղեկություններով՝ ՎՊ նախագահի պաշտոնին հավակնում էր ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, սակայն ՎՊ պաշտոնը գոնե այս փուլում Դաշնակցությանը չհասավ:

ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը փետրվարի 6–ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել