Եվ կրկին «Արսենալը» դուրս է մնում Չեմպիոնների Լիգայից, կրկին 1/8-րդ եզրափակչում եւ կրկին մի փոքր չի բավականացնում հրաշք գործելու համար: Նախորդ տարի «Արսենալը», առաջին խաղում պարտվելով «Միլանին» 0:4 հաշվով, 2-րդ` սեփական հարկի տակ կայացած խաղում քիչ էր մնում վերականգներ 4 գնդակի տարբերությունը, երբ առաջին խաղակեսից հետո հաղթում էր մրցակցին 3:0 հաշվով, սակայն չհաջողվեց: Այս անգամ արդեն սեփական հարկի տակ տեղի ունեցած առաջին խաղում ջախջախվելով Մյունխենի «Բավարիայի» կողմից` 1:3 հաշվով, զինագործները քիչ էր մնում Գերմանիայում ետ բերեին կորցրածը, սակայն... Սակայն, ինչպես Վենգերն ասեց, «Արսենալին» մի փոքր չբավականացրեց մյուս փուլ անցնելու համար: Հարց... Եթե «Արսենալը» ամեն անգամ կարողանում է բոլորին ապացուցել, որ կարող է ուժեղագույնների հետ պայքարել եւ ողջ աշխարհին ցույց տալ իր ուժը, ապա ինչու՞ է այս թիմն ամեն անգամ հեռանում մրցաշարից, իսկ նրա հեռանալուց հետո բոլորն ասում են. «ԱՓՍՈՍ, ԼԱՎ ԹԻՄ ԷՐ»:
Պատասխանը միանշանակ է: Ուղղակի պետք չէ ամեն անգամ առաջին խաղում ձեռքները թափ տալով ջախջախվել, իսկ 2-րդ խաղում կաշվից դուրս գալով փորձել գլխից բարձր թռչել եւ հետո ասել՝ քիչ էր մնում: Հետո էլ կասեք, թե ինչու գնացին Ֆաբրեգասը, Վան Պերսին, հիմա էլ գուցե Ուոլկոտը: Անկեղծ եմ ասում, որպես Արսենալի ավելի քան 15 տարվա մոլի երկրպագու, ԱՓՍՈՍ!!!: