Հայաստանի ողջ հիմնարար ստրատեգիական հարստության մեծ մասի տերը` ատոմակայան, էներգիայի արտադրություն, երկաթուղի, գազ, ջուր, կապ, բնական հանածոներ և այլն, օտար կապիտալինն է, որի դեմ հավասարակշռող որեւէ լծակ ՀՀ–ում գոյություն չունի։ Բոլորին քաջ հայտնի է, որ նշված ստրատեգիական հարստությունների ահռելի մասը ռուսաստանյան կապիտալի ներկայությունն է Հայաստանում։ Մյուս կողմից՝ Հայաստանը ՄԱՀ–ին` միջազգային բանկին, պարտք է մոտ երեք միլիարդ դոլար։ Հիմա, փաստորեն, Հայաստանն ունի արտերկրյա տերեր` թե՛ պարտատեր` հանձինս արեւմուտքի, թե՛ արտադրատեր` հանձինս Ռուսաստանի։ Իսկ Հայաստանի այսօրվա իշխող վարչախումբն ի վերջո նրանց ադմինիստրատորն է։ Գոնե, որ չմանրանամ, ապա տարրական տրամաբանությունն ասում է, որ նրանց կողմից է ղեկավարվում թե՛ ՀՀ վարչախումբը, թե՛ ՀՀ–ում գործող ընդդիմության գոնե մի մասը։ Տեղական օլիգարխները միմիայն Հայաստանի ներքին արդյունքի 20–25 տոկոսի տերն են, ու նրանց դեմ ժողովրդական թիրախի ուղղորդումը նշանակում է նաեւ ժողովրդին շեղել։ Թեեւ այդ օլիգարխներին՝ որպես կամակատար ու անհեռատես տարր, հասնո՛ւմ է, բայց պետք չէ ինքնակամ ջալյամի դերակատարություն ստանձնել։ Հիմա մենք ՀՀ վարչախմբի` ադմինիստրատորների հե՞տ ենք կռիվ–կռիվ խաղում, ընդդիմության մի մասի` ապագա կամակատար վարչախմբի հե՞տ ենք պայքարելու մոտ ապագայում, թե՞ Հայաստանի իրական տերերի հետ խնդիր ունենք։ Այսօրվա դրությամբ, համարյա բոլոր քաղաքական ուժերը` վարչախումբ, թե ընդդիմության որոշակի շերտեր կամա, թե ակամա, անում կամ անելու են այն քայլերը, որոնք ծրագրավորված են դրսի տերերի կողմից։ Հաշվի մեջ չեն նրանք, ովքեր դեռ ազնիվ են ու ազգային պետության երազանք ունեն, բայց վերջիններս դեռ լիարժեք չեն ձեւավորված։ Եվ ահա, այս դրսի ուժերը դեմ չեն Հայաստանում որոշակի կոսմետիկ փոփոխությունների, որպեսզի` «և՛ ոչխարները ողջ լինեն, և՛ տերերը գոհ լինեն»։ Թեւեւ Հայաստանի համար պայքար կա արեւմուտք եւ Ռուսաստան իրական տերերի միջեւ։ Փաստը` Եվրասիական մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն խաղն է։ Եվ ուրեմն, եկեք նորից ինքնախաբեությամբ չզբաղվենք ու մի քիչ անկեղծ լինենք։ Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն է։ Որո՞նք են մեր լծակները, եւ ո՞ւմ դեմ է պետք ուղղել ժողովրդական պայքարի թիրախը, որպեսզի ունենաք մեր այնքա՜ն երազած ազգային պետություն–հայրենիք կառուցելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել