ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր

Ա. Սիմոնյանին

Հարգելի պրն. Սիմոնյան: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ 2004 թվականին ինձ վստահեցին դասավանդել ԵՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետներում: Դա մի աննկարագրելի զգացմունք է 21 տարեկան երիտասարդի համար, որի ընտանիքի բոլոր անդամները ուսանել են ԵՊՀ-ում: Եթե ուսանող ժամանակ դասախոսներից որևէ մեկը հայհոյեր ինձ, ապա ես կգնայի դեկանատ և վստահ եմ, այդ դասախոսը պատասխանատվության կկանչվեր:

Ցավոք, ժամանակներն ու արժեքները փոխվել են: Ինձ համար անսպասելի չէր, որ ԵՊՀ ադմինիստրատիվ աշխատողները կարող են հայհոյել: Անսպասելի չէր, որ ադմինիստրատիվ աշխատողը կարող է գռեհիկ տոնով ասել «մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Այս ուղղությամբ մենք շարժվում ենք արդեն մի քանի տարի:

Սակայն ինձ համար անսպասելի էր Ձեր արձագանքն այս ամենի նկատմամբ: Դուք ասում եք՝ հայ տղամարդու համար մայրը սրբություն է։ Բայց չէ՞ որ այդ աղջիկներն էլ ապագա մայրերն են։ Արդյո՞ք Ձեր օգնականի այդպիսի արտահայտությունը արտահայտում է Ձեր սրբությունները։ Մեկնաբանություններում Դուք նշեցիք, որ օգնականին հրահրել են: Մի՞թե թույլատրելի եք համարում, որ ԵՊՀ ռեկտորի օգնականը լինի մի անձնավորություն, որին հնարավոր է հեշտությամբ հրահրել ուսանողին հայհոյելու: Եթե այո, ապա այդ փաստը մտահոգիչ է ինձ համար: Ինձ համար սրբություն է ոչ միայն մայրը, այլ նաև ԵՊՀ-ն: Ցավոք, ԵՊՀ պատիվը պարբերաբար արատավորվում է: Այն արատավորում է ոչ թե միջնամատ ցույց տվող ուսանողուհին, այլ անպարկեշտ դասախոսը կամ չինովնիկը: Բուհի կողմից Ձեր մոտեցումները ներկայացնում է ոչ թե ուսանողը, այլ Ձեր օգնականը:

ԵՊՀ անունը վերականգնելու համար պետք է մաքրվի բուհը: Եվ այդ հարցում օրինակ պետք է ծառայեք Դուք: Մաքրեք այն: Կոչ եմ անում սկսել Ձեր օգնականից: Կամ էլ, եթե հարկ եք համարում, սկսեք ինձանից: Խնդրում եմ, հստակ մատնանշեք ԵՊՀ զարգացման ուղղությունը:

Հարգանքներով՝   Սմբատ Գոգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել