Գառնիի ճանապարհին: Մի քանի թուփ է, մի չորացած ցայտաղբյուր... Ետին պլանի վրա ինչ-որ կառույց է - Չարենցի կամարը: Այստեղից նա նայել է Արարատյան դաշտին: Մոտենում ես, անցնում կամարի տակով - և առջևդ պայթում, քո մեջ կապույտ լույսով լցվում է Դաշտը՝ իր սրբազան խորհրդանիշներով: Եղել է այդպիսի մի օր, շատ օրեր - սիրելիիս ու մանուկներիս հետ այստեղ խմել ենք Դաշտի Կապույտ Օվկիանոսից... Բայց մի վաղեմի պահ մնացել է, - ահա մի երկու բանաստեղծություն «Չարենցի կամար» փոքրիկ շարքից: Այսօր - Չարենցի ծննդյան օրը: 

ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ

Ա.

 

 

Մասիսներն այսօր պարզ չեն երևում,
Ուրվագծված են երազի նման,
Եվ մշուշի մեջ, Մասյաց փեշերում
Փռված է կապույտ դաշտն Արարատյան:

Տասնամյակները անցնում են թեթև,
Ուրիշն է նայում քո սեգ բարձունքից,
Բայց այս քարերին դեռ կան ջինջ հետքեր
Քո Տաղարանի պայծառ արցունքից:

Քո անմեռ սիրով և քո աչքերով
Նայում եմ ահա այս սարահարթին,
Վերջին երգերիդ հասուն տենչերով
Փարում ցորենի նորաքաղ արտին:

Եվ հիշատակդ – շեկ խոզանի պես,
Որպես երգիդ արտ, հենց այսօր քաղած,
Ծակում է դեմքս, այրում աչքերս, –
Եվ խոնարհվում եմ պատկերիդ առաջ:

Բ.

Ցայտաղբյուրի ողորկ քարին
Կա փորագիր գինու կարաս,
Մեջն ամփոփած` որպես բարիք
Արարատյան խաղողի վազ:

Նստեմ ահա այս կոշտ հողին,
Կարդամ անուշ քո տաղերից,
Ըղձամ երկրիս բախտ ու բարիք,
Նայեմ դաշտին արևալից:

Եվ քո անուշ, ազնիվ բառից
Շնչի վազը այս կենդանի,
Եվ ցամաքած ցայտաղբյուրից
Շատրվանի ազնիվ գինի:

Եվ մենք ըմպենք արքայաբար –
Ես` տաղերդ, դու` այդ գինուց, –
Մոռանանք մեզ, մարդ ու աշխարհ,
Հարբած լինենք մինչև էգուց…

Դ.

Սրբատաշ բառե՛ր, սրբատաշ տողե՛ր
Եվ հասունության արև ինքնափայլ, –
Օ՛, աշնան եղյամ, օ՛, սթափ շողեր,
Հանճարեղ ոգու ուղիղ ճանապարհ:

Իմաստությունը քեզ դժվար տրվեց,
Մի օր քեզ օգնեց հայրենի մի ձեռք
Եվ ճանապարհիդ մշուշը ցրեց`
Դուրս բերելով քեզ հայրենի եզերք:

Ինչին որ հասար դաժան տքնությամբ
Եվ կորուստներով մեծ, եղերական,
Մենք հասու եղանք այնքան հեշտությամբ`
Քեզանից հետո այլ օրեր եկան:

Բայց ինչու՞, ինչու՞ երգը այսօրվա
Ծնվում է այնքան աղոտ ու նվազ,
Ճշմարտությունը ձեռքերում մեր թույլ
Մի՞թե մանրանում, դառնում է ավազ:

Օգնիր մեզ, վարպետ, օգնիր, մեր վարպետ,
Հավաքել փոշին կիսայրած երգի,
Մամլել, մշակել փորձով հանճարեղ
Դառնա ադամանդ` փայլով անմեկին:

Օգնի՛ր ինձ, վարպետ, օգնի՛ր, իմ վարպետ,
Տուր մաս քո անբավ հարստությունից,
Տուր երգիս կորով, և խանդ, և կշիռ
Վերջին երգերիդ իմաստությունից:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Սեպտեմբեր, 1981

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել