2017թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ում բնական գազի նոր սակագներ սահմանվեցին: Գազի սակագինը բնակչության համար 146.7 դրամից դարձավ 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:
Այժմ դիտարկենք, թե հետխորհրդային տարածքի մի քանի երկրներում ինչ սակագներ են գործում:
Քանի որ Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների, բացի Թուրքմենստանից, շարքում ցածր սակագնային առաջարկի առումով առաջատարը Ղազախստանն է, նախ՝ ներկայացնենք այդ երկրում գործող սակագները:
Ղազախստան
Վերջին թանկացումներից հետո Ղազախստանում 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է միջինը 15,35 տենգե՝ մոտ 22 դրամ: Այդ երկրի տարածաշրջաններում գործում են տարբեր սակագներ. օրինակ՝ Շիմքենդում 1 խորանարդ մետր գազն արժե 29,29 տենգե, իսկ Ակտոբեում՝ 6,71 տենգե՝ գրեթե 10 դրամ: Ղազախական 10 տենգեն համարժեք է 14,65 դրամին:
Բելառուս
2017թ.-ի հունվարի 1-ից Բելառուսում 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 0,0908 ռուբլի՝ 22,80 դրամ ձմեռային շրջանի համար եւ 0,2842 ռուբլի՝ 71,33 դրամ ամառային շրջանի համար: 1 բելառուսական ռուբլին 251 դրամ է: Այսինքն՝ 100 խորանարդ մետր գազ սպառելու դեպքում Բելառուսի բնակիչը վճարելու է 9,08 բելառուսական ռուբլի՝ 2,279,08 դրամ, ամռանը՝ մոտ 3 անգամ ավելի:
Ռուսաստան
1 խորանարդ մետր գազի սակագինը Ռուսաստանի Դաշնությունում տարբեր է՝ ըստ տարածաշրջանների եւ սպառման ծավալների: Միջին գինը 5 ռուբլի է՝ 40,5 դրամ: Մոսկվայում բնակվող սպառողը 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 4,421 ռուբլի, Սանկտ Պետերբուրգում՝ 5,748 ռուբլի, Օմսկի շրջանում՝ 4,66, Սարատովի շրջանում՝ 4,85, Թաթարստանում՝ 5,27, Ստավրոպոլի երկրամասում՝ 5,36 ռուբլի եւ այլն։