Դե չմտածեք, որ տառերով բառախաղ եմ անում, քավ լիցի…Ուղղակի սկսեց աբսուրդի թատրոնի հերթական թատերաշրջանը, հերթական նույնաբովանդակ տափակ ներկայացումներով՝ իմաստազուրկ և գրոտեսկային իրավիճակներ, պարզունակ մտքերի տաֆտալոգիա և «ազնիվ» մղումների հեքիաթային շքահանդեսներ:
«Մենք միշտ գտնում ենք մի բան տպավորություն ստեղծելու համար, որ գոյություն ունենք» պիեսում հնչեցված խոսքերը ճիշտ են: Մարդկանց մի խումբ կա, որ «մեռնելով», իրենց պատեպատ տալով պարբերաբար փորձում են հիշեցնել իրենց գոյությունը:
ԲՀԿ-ականներից շատերն այդ պիեսի հերոսների նման մի երկու տարի առաջ որոշել էին կախվել՝ առանց նրա չպատկերացնելով հետագա կյանքը… Բայց չէին կարողանում որոշել, թե ով կախվի առաջինը: Եվ որոշեցին չկախվել, քանի որ դա ավելի անվտանգ է… Եվ չկախվեցին բնականաբար… Սպասում էին Գոդոյին, որ հարցնեն նրա կարծիքը…
Եթե հիշում եք, պիեսում Գոդոն էլ ասում է, որ գալուց առաջ նախ պիտի խորհրդակցի, ստուգի բանկային հաշիվները, գրականություն թերթի, հետո նոր որոշում ընդունի՝ գա՞, թե՞ ոչ…
Զգացիք, չէ՞, ինչ նման է…
Փակած գրքին, հաջորդ դասին, փակած գիրքը բացելուն, խորհրդակցելուն և մնացյալին…
Իսկը աբսուրդի թատրոն…
Մեր Գոդոն կարծես այնուամենայնիվ վերադարձավ ու որոշեց հանուն Հայրենիքի կանգ չառնել այլևս… «Գոդոենք» էլի վճռական են կարծես՝ համենայն դեպս կրակոտ խոսքերով, պաթոսա-զգացմունքա-հուզախառն: Իշխանության կարոտ, էլի անհոտ ու պարզունակ…
Ու բոլորն անխտիր, բերանները բաց, պիեսի Փոզոյի կերած ու նետած հավի ոսկորներին են սպասում, որ «ամոթխած» վերցնեն լիզեն ու լպստեն և օրհնեն թագավորին իրենց նետված և նետվելիք, ակնկալիք կրճոնների համար…
Եվ այդպես էլ գնալու են պայքարի՝ խոսելով ուրիշների ոլորտից, շահույթներից, գներից ու անօրինականություններից՝ մոռանալով իրենցը, իրենց աչքի գերանը:
Գնալու են պայքարի կրճոնոտ, կրճոնասերներով, կրճոն թռցնողներով՝ no pasaran-ոտ…
Բայց երբ չի ստացվի կամ վատ ստացվի, ուղղակի պետք է հիշեն պիեսի հետևյալ խոսքերը. «Ահա այդպիսին է մարդը, որ ոտքերի մեղքերի համար մեղադրում է կոշիկներին»:
Հա՛, մոռացա… Վերջում կրկին չկախվեք, չկախվելն ավելի անվտանգ է… Հաստատ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել