Տատիկս՝ Գոհարը, մահացավ մի քանի տարի առաջ՝ 75 տարեկան հասակում, և ինձ թողեց մի արկղ, որտեղ նա պահում էր իր համար ամենաթանկ իրերը: Այդ իրերի թվում էր մի մատյան, որին տատիկս «Ներշնչանքի գիրք» անունն էր տվել: Իր կյանքի երկրորդ կեսը տատս նվիրել էր այդ գիրքը գրելուն: Այնտեղ մտքեր էին, գաղափարներ, հատվածներ երգերից ու ասացվածքներ… Այնտեղ այն ամենն էր, ինչը զգացել էր տատս իր կյանքի ընթացքում, այն իմաստնությունն էր, որը նա քաղել էր կյանքից: Այդ գրքի մասին ես շատ էի լսել: Փոքր հասակիցս մինչ իր վերջին օրերը տատս պարբերաբար ընթերցում էր գիրքն ինձ համար ու կիսվում այն անգնահատելի կենսափորձով, որի օգնությամբ ես այսօր այն եմ, ինչ կամ: Այսօր ուզում եմ կիսվել այդ գրքի խորհուրդներով և ողջ ասելիքը տեղավորել եմ գրքի 10 կետի մեջ:
1. Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը: Անկախ նրանցից, թե որտեղ ես, ինչ պայմաններում և ինչով ես զբաղվում, միշտ հիշիր, որ թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար ու ներդրվիր ամբողջությամբ: Մի՛ խնդրիր, մի՛ պահանջիր, մի՛ երազիր, այլ արա… Արա քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար: Սուտ է, թե վերահսկել ապագան անհնար է: Դու դա կարող ես անել այսօր՝ շատ աշխատելով ու կառուցելով քո ապագան: Եթե անում ես հնարավորը ինչ-որ մի բանի հասնելու համար, ապա անպայման կհասնես, եթե այդպես է պետք, իսկ եթե դեռ չես հասել, ապա անպայման կզգաս, թե էլ ինչ է պետք, որ նպատակներդ ի կատար ածվեն:
2. Ապրիր պարզ, ինքդ քո ձեռքերով մի բարդացրու քո կյանքը: Կենտրոնացիր միայն մի բանի վրա, հաղթահարիր դա և անցիր հաջորդին: Միանգամից ամեն ինչ հասցնել անհնար է, մի խճճիր քեզ: Բոլոր հնարավոր ռեսուրսներդ ներդրիր կյանքի մեջ և վստահ եղիր, որ կյանքը պարտք մնալ չի սիրում, այն քեզ ամեն ինչ մի քանի անգամ ավել կվերադարձնի:
3. Այնպես արա, որ ուրիշները ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Իսկ եթե քեզ այդպիսին չեն ընդունում, թքիր նրանց վրա: Կարևորը՝ եղիր արդար ինքդ քո առաջ: Մի կեղծիր ու մի հրաժարվիր քո սկզբունքներից՝ ինչ-որ մեկին պահի տակ հաճոյանալու համար: Պահը կանցնի, իսկ դու քեզ հետո չես ների: Միշտ ասա ճշմարտությունը, անգամ եթե ձայնդ դողում է այդ ճշմարտությունից։ Երբ այնպիսին ես, ինչպիսին կաս, դու աշխարհին մի չքնաղ բան ես տալիս, որը մինչ այդ չկար, այնպես որ, անցիր քո ճամփան վստահորեն և մի ակնկալիր, որ ուրիշները ճիշտ են հասկանալու քո «ուղևորությունը», առավել ևս, եթե նրանք չեն եղել այնտեղ, ուր դու ես ուղևորվում։
4. Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է: Կյանքիդ ընթացքում հարյուրավոր փորձությունների միջով ես անցնելու, անկումներ ու վերելքներ ես ունենալու ու անընդհատ փոխվելու ես… Դառնալու ես այն, ինչ կաս հիմա: Փոխվելու է քո աշխարհայացքը, վերաբերմունքդ մարդկանց նկատմամբ: Դրանք կյանքի բնականոն շրջափուլեր են, որոնք գիտակցելով՝ պետք է անցնես ու չամաչես, կամ, առավել ևս, չվախենաս դրանցից: Չեն փոխվում միայն նրանք, ովքեր չեն ապրում: Իհարկե, կողքիններդ անընդհատ կասեն քեզ, որ փոխվել ես, բայց դու չկաշկանդվես դրանից, ասա, այո՛, ես փոխվել եմ, բայց ես դեռ նույն մարդն եմ, ուղղակի շատ ավելի ուժեղ եմ հիմա, քան երբևէ:
5. Քեզ հետ կատարվող ցանկացած բան օգնում է քեզ աճել, նույնիսկ եթե այդ աճը հիմա չես նկատում: Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն քեզ և կկատարելագործեն քեզ: Ինչ էլ որ անես, ամուր բռնվիր քո հավատից: Երբեք մի հուսահատվիր: Կյանքումդ քեզ հանդիպող ցանկացած խնդրի վերաբերվիր որպես հնարավորություն կատարելագործվելու: Հիշիր հայտնի խոսքերը՝ այն ինչ չի սպանում քեզ, ավելի է ուժեղացնում:
6. Մի երազիր լինել հարուստ, երազիր լինել երջանիկ: Այսպիսով, երբ տարիք առնես, կհասկանաս երևույթների արժեքը, այլ ոչ գինը: Ի վերջո դու կհասկանաս, որ լավագույն օրերդ նրանք չեն, երբ ինչ-որ էքստրեմալ բան ես անում երջանկանալու համար, լավագույնն են այն հանգիստ ու խաղաղ օրերը, երբ լրացուցիչ ոչ մի բան էլ հարկավոր չէ, որպեսզի ժպտաս:
7. Եղիր պոզիտիվ: Քո դժբախտությունների մեծ մասը կախված չեն հանգամանքներից, նրանց մեծ մասը կախված են քո վերաբերմունքից նրանց հանդեպ:
8. Հատուկ ուշադրության արժանացրու նրանց, ում հանդեպ անտարբեր չես: Հաճախ, երբ քո սիրելին ասում է, որ ամեն ինչ կարգին է, նա քո կարիքն է զգում: Նա ուզում է, որ նայես իր աչքերի մեջ, գրկես ու ասես, որ միշտ իր կողքին կլինես: Մի նեղսրտիր նաև, երբ որոշ մարդիկ քեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք ես իրենց: Դա նորմալ է:
9. Հաճախ փոխիր շրջապատդ: Սա չի նշանակում դավաճանել ընկերներին կամ թողնել նրանց, այլ որ հարկ կա կյանքիդ տարբեր փուլերում մաքրել շրջապատդ այն մարդկանցից, ում կարիքն իրականում չունես: Սա հնարավորություն կտա ազատել նոր տեղ նոր մարդկանց համար, ովքեր առավել շատ են սազում քո նոր կենսակերպին: Մի կախվիր հին ընկերներիցդ, եթե նրանք քեզ հետ հավասար չեն բարձրանում կյանքի աստիճաններով: Շրջապատիր քեզ հաջողակ մարդկանցով, ու նրանց մեջ կտեսնես քո իսկ հաջողության գրավականը:
10. Ավելի հաճելի է հետ նայելով անցածդ ուղուն ասել՝ «Աստված իմ, ես չեմ հավատում, որ արել եմ սա», քան թե ասել՝ «Ափսոս, որ արեցի սա»: Հիշիր, մարդիկ քեզ դատելու ու քննադատելու են ամեն դեպքում, այնպես որ, խորհուրդ չեմ տա ապրել նրանց համար ու փորձել լավ տպավորություն թողնել: Ապրիր քեզ համար և տպավորություն գործիր միայն ինքդ քեզ վրա: