Մոտ մեկ շաբաթ առաջ 2-րդ Էլ Կլասսիկոյից հետո ես ենթադրեցի (կարող եք կարդալ այստեղ), որ եթե «Բարսելոնան» ի վերջո հաղթահարի «Միլանի» արգելքը, ապա դա տեղի կունենա ոչ թե մարզչական լավ աշխատանքի, այլ վառ անհատականությունների` մասնավորապես Լեոնել Մեսսի շնորհիվ: Հատկապես նրա խփած 2-րդ գոլը առաջին հայացքից կարելի է շփոթել նրա խփած տասնյակավոր այլ գոլերի հետ (օրինակ Չեմպիոնների Լիգայի 2-րդ եզրափակչում խփածի հետ): Սակայն այս խաղում (ինչպես եւ գրեթե թիմի բոլոր խաղերում) ոչ երկրորդական դեր խաղաց նաեւ Չավի-Ինյեստա զույգը: Եվ հարցը նրանում չէ, որ դա բոլորիս համար ինչ-որ զարմանալի կամ արտասովոր մի երեւույթ էր: Ուղղակի վերջին խաղերից հետո շատերին թվում էր, որ այս տղաներն արդեն կորցրել են իրենց նախկին խարիզման եւ մի տեսակ հոգնել են: Դա հատկապես վերաբերում էր Չավիին: Եվ հենց Միլանի հետ դժվարին եւ պատասխանատու խաղում թիմի ավագի թեւկապ կրող կատալոնացին ապացուցեց, որ չնայած տարիքին, նա մնում է կենդանի լեգենդ եւ Վիլյային կատարած փոխանցումը վերջ դրեց բոլոր խոսակցություններին:
Վերադառնամ նրան, ինչից սկսեցի: Այս հաղթանակն իրոք կարելի է ամբողջությամբ վերագրել վերը թվարկածս ֆուտբոլիստներին, անգամ «Միլանի» ֆուտբոլիստներին (մասնավորապես Նյանգին եւ Ռոբինյոյին), բայց ոչ թիմի, այսպես կոչված, մարզչին: Խնդրեմ ասեք՝ հանդիպման վերջին րոպեների ընթացքում դուք ավելի շատ սպասում էիք, որ «Բարսան» կքառապատկի՞ հաշիվը, թե՞ որ «Միլանը» կխփի իր գոլը եւ դուրս կգա մյուս փուլ: Անձամբ ինձ թվում էր, որ «Միլանը» շուտով գոլ կխփի եւ արժանիորեն կպատժի «Բարսային»՝ դեպի սեփական դարպասները սեղմվելու համար: Հաղթելով սեփական հարկի տակ 3:0 հաշվով (ընդ որում տեսնելով Ռուորայի դեմքը, ակամայից թվում էր, թե նա ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է իր թիմը հաղթում)՝ թիմը ոչ միայն դադարեց խաղալ, այլ նաեւ մեկը մյուսի հետեւից նրա կազմում հայտնվեցին Կարլես Պույոլն ու Ադրիանոն, այսինքն՝ պաշտպաններ: Հենց վախի պատճառով կատարված փոփոխությունների հետեւանքով (ներեցեք, բայց Ռուորայի այդ քայլը այլ կերպ չեմ կարող անվանել) հանդիպման վերջին վայրկյաններին «Բարսելոնայի» երկրպագուները մի քանի անգամ քիչ էր մնում կատվածահար լինեին, քանի որ ամեն վայրկյան թվում էր, թե թիմը գոլ կընդունի: «Բարսելոնան» այն թիմը չէ, որ խոշոր հաշվով հաղթելուց հետո սեղմվի սեփական դարպասներին եւ զբաղվի պաշտպանությամբ, հարցրեք դա Խոսեպ Գուարդիոլային, նա դա լավ գիտի: Եվ այն, որ թիմը գնդակ չընդունեց, դա «Միլանի» ֆուտբոլիստների անփորձ լինելու հետեւանքն էր, այլ ոչ թե ճիշտ ընտրված մարտավարության, քանի որ ես չեմ կասկածում, որ ընդամենը մեկ տարի առաջ «Միլանն» այդ իրադրությունում արդեն մի քանի անգամ կպատժեր մրցակցին, քանի որ Զեեդորֆը, Գատուզոն, Նեստան, Ինզագին եւ իհարկե Իբրահիմովիչը երկրորդ շանսին չէին սպասի:
Ինչ վերաբերում է «Միլանին», ապա թիմն ինքն իր թակարդն ընկավ: Առաջին իսկ վայրկյաններից խաղալով ավտոբուսի սկզբունքով՝ ռոսոներները ոչինիչ չկարողացան անել թափ հավաքած մեքենայի դեմ, որը վերջին շաբաթներին վերապրած` «Ռեալ Մադրիդ» անունով մղձավանջից հետո նահանջի տեղ չուներ: Գուցե եւ այդ մարտավարությունն իրեն արդարացներ, եթե թիմի կազմում լինեին քիչ առաջ թվարկածս ֆուտբոլիստներից մի քանիսը, սակայն երիտասարդ Նյանգը չօգտագործեց, ինչպես հետագայում պարզվեց, իր թիմի լավագույն գոլային պահը, իսկ դրա պատիժը հետեւեց հաշված վայրկյաններ անց: Այնուամենայնիվ պետք է նշել, որ Ալլեգրին չափազանց հետաքրքիր թիմ է ստեղծել, որի հաղթական պտուղները մենք անկասկած կտեսնենք մոտ ապագայում, քանի որ փորձը ժամանակի հետ ձեռք կբերվի, իսկ Էլ Շարավիի եւ Նյանգի պես տղաների տաղանդը ոչ մի տեղ չի կորչի: Արժանին մատուցելով «Միլանին»՝ նշենք, որ եթե թիմի կազմում լինեին Պացինին եւ Բալոտելլին, գուցե թիմը Կամպ Նոուն լքեր այլ տրամադրությամբ: Սակայն եղավ այն, ինչ եղավ, եւ «Բարսելոնան» ապացուցեց, որ իր մակարդակի ակումբին չափից ավելի շուտ էին հաշվից դուրս գրում, անգամ չնայած ճգնաժամին: Այլ կերպ ասած՝ թիմը ցույց տվեց, որ վառոդամանում դեռ վառոդ կա: