Չափի մեջ եղեք, սուտասա´ն. նախկին վարչապետերը վիրավորեցին միմյանց Yerkir.am-ը գրում է.

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Այս օրենքն աստիճանաբար ավելացնում է ԿԲ-ի իրավունքները, մենք էռոզիայի ենք ենթարկում գործադիր մարմնի իշխանությունը, ոչնչացնում ենք Կառավարությունը: Աստիճանաբար ավելացնում ենք բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկի իրավասությունները:Ձևավորվել է մեկ այլ կառավարություն, որ մեծ է Կառավարությունից»,-ասաց նա:

Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ ևս Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց ու հայտարարեց, որ սա նույն կինոյի շարունակությունն է:

«Օրենքն այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է անկախ շինարարության մեջ, որ իր գործը չէ, կառավարության գործն է: Հարգելի՛ պարոն շարմազանով, 13-րդ հոդվածը վերաբերում է տույժ ու տուգանքին: Վարչապետներից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար էլ լույսներն անջատվեցին, նույնիսկ լույսերը չդիմացան: Օրենքն այն մասին է, որ մեկին գցում են քացու տակ, մոտենում ենք, ասում ենք՝ ինչու եք անում, ասում եք՝ գոնե լավ ա, չենք թողնում՝ գլխին չեն խփել»:

Բագրատյանը նկատի ուներ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ով երեկ հակադարձել էր իր ելույթին: Հարությունյանը ևս վարման կարգով խոսեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ առևտրային բանկին և վարկառուին սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ այդ թվում հնարավորություն տալով վարկառուին օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

Բագրատյանը արձագանքեց, թե Խոսրով Հարությունյանը սուտ է ասում: Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոռեկտության կոչ արեց. «Պարո՛ն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել