Հայաստանի ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավականին երիտասարդ է. ընկերությունների մեծ մասը` ավելի քան 82%-ը, հիմնադրվել է 2000-2015թթ.: Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է արտասահմանյան ընկերության առաջին մասնաճյուղը:
Վերջին տասնմեկ տարիների ընթացքում ոլորտում գրանցվել է թե՛ տեղական նորաստեղծ ձեռնարկությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի թվի կտրուկ աճ: 2015թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 425.5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է 21% տարեկան աճ` նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր առմամբ 2010-2015թթ. ոլորտում գրանցվել է 20.1% միջին տարեկան աճ:
Ուշադրությանն արժանի է, որ 2016թ-ին Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտում գործող 30 ընկերություն հայտնվել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2016 թվականին այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով վերը նշված 30 ընկերություններից միայն 2-ն են հայտնվել 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այդ ընկերություններն են «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»-ը և «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն: