Մեծարգո պարոն Ազնավուր
Դուք մեր հայրենիքի, ազգի հպարտությունն եք ողջ աշխարհում: Բազմիցս ձեռք եք մեկնել եւ օգնել Հայաստանի ժողովրդին: Օգնել եք 88-ից սկսած` թե ֆինանսապես եւ թե Հայաստանի շահերը պաշտպանելով, ներկայացնելով ողջ աշխարհում: Հիմա ես` ՀՀ քաղաքացիս, գլուխ եմ խոնարհում Ձեր առջեւ եւ ասում եմ` ԲԱՎԱԿԱՆ Է: Բավական է օգնեք Հայաստանին, պետք է անկախությունից 2 տասնամյակ անց ունենանք Հայաստան, որն օգնության կարիք չունի: Հայաստան, որն ուժեղ է ինքն իրենով եւ չունի աղետի գոտիներին բնորոշ տարեկան մարաթոններ: Հայաստան, որի քաղաքացիները կոշիկ եւ հաց գնելու համար չպետք է լքեն իրենց հողը, ընտանիքները եւ մեկնեն այլ երկրներ` գումար վաստակելու: Հայաստան, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջեւ` անկախ իրենց ազգականների ով լինելուց: Եվ վերջապես Հայաստան, որն աշխարհում առաջին հերթին պետք է ներկայանա ինքն իրենով: Ո՞ւմ է պետք կիսադատարկ, աղքատ, կոտրված ոգով, օլիգարխիկ Հայաստան: Արդյո՞ք սրա համար էիք Դուք եւ շատ ու շատ հայ մարդիկ պայքարում: Այսօր հայ մարդն այլեւս չի կարողանում հանդուրժել այս ամենը, եւ օր օրի ավելի է մեծանում անդունդը ժողովրդի եւ իշխանության միջեւ: Այս ամենը 4,5 տարի հետո կարող է հանգեցնել աղետալի իրադարձությունների Հայաստանի եւ հայի համար: Եվ հիմա ես՝ որպես հայրենակից, կանչում եմ Ձեզ Հայաստան: Կանչում եմ ոչ թե օգնելու ինձ կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ ուղղակի հրավիրում եմ Ձեզ` կանգնել հայ ժողովրդի կողքին, տեր կանգնել նաեւ Ձեր ձեռքերով կերտած Հայաստանին ու հայաստանցուն: Ապրիլի 9-ին հայաստանցիների մեծ մասը լինելու է Հանրապետության հրապարակում, սպասելու են Ձեզ եւ իրենց մյուս զավակներին, եղբայրներին եւ քույրերին: Որտեղ երդվելու է ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Հրավիրում եմ Ձեզ` գալ եւ կանգնել այդ օրը հարյուր հազարավոր Ձեր հայրենակիցների կողքին, գալ եւ ուղղակի լինել այնտեղ, որտեղ Ձեր ժողովուրդն է:
Ես հավատում եմ, որ Դուք կգաք, եւ սպասելու եմ Ձեզ Հանրապետության հրապարակում, ապրիլի 9-ին։
Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ քաղաքացի Ալեն Սիմոնյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=306414759485587&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել