Image result for կրթության եւ գիտության նախարարությունՄի կարևոր նկատառում Կրթության և գիտության նախարարությանը: Մշակել դպրոցների համաչափ զարգացման մի նոր և արդյունավետ ծրագիր, որում առաջնեհերթությունը կտրվի բացառապես մարզային, հատկապես գյուղական համայնքների դպրոցներին: Երեխան երեխա է, և կապ չունի, թե քաղաքի դպրոց է հաճախում, թե գյուղական համայնքի: Մեր պետությունը սահմանադրորեն որևէ տարբերակում չի դնում, և երեխան որևէ մեղք չունի, որ ծնվել և ապրում է ոչ թե քաղաքում, այլ գյուղում, ավելին՝ մենք գյուղատնտեսական երկիր ենք, այնինչ գյուղական համայնքներում առավել լավ ու կայուն ապագայի հիմքերը դնող կրթօջախները անուշադրության են մատնված: Համեմատության համար ուղղակի կարող եմ նշել, եթե այսօր Երևանում կան դպրոցներ, որոնք «պրեստիժային» են ու ամսական մի քանի միլիարդ բյուջե են ունենում, ապա գյուղական համայնքներում դպրոցներ կան, որտեղ ամեն դասասենյակում երկու դասարան է տեղավորվում երկու ուսուցչի հետ: Պատկերացրեք, միաժամանակ մի շարքում տեղավորված 9-րդ դասարանի աշակերտների մոտ հանրահաշվի դաս է, մյուս շարքում 8-րդ դասարանցիները պատմություն են ուսումնասիրում: Միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ կրթական ոլորտի խնդիրներն առավել խորքային ու համակարգային են: Երևանյան մի շարք դպրոցներում կարևոր է համարվում գնահատականը՝ թիվ, որը տրվում է, նվիրվում կամ էլ գնվում, և սա հենց բնորոշ է այդ «պրեստիժ» դպրոցներին, որտեղ առավել կարևորվում է թվանշանը և ոչ թե աշակերտի գիտելիքը: Նման դպրոցներին բնորոշ է գումարով հավելյալ պարապմունքները, այլ ուսուցիչների մոտ հավելյալ դասերը և այլն, այնինչ վատ պայմաններ ունեցող դպրոցներում պատկերն այլ է, այստեղ խնդիր է առաջացնում այն, որ դասասենյակերը փոքր են, դասարանները երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ են, դպրոցները չունեն ջեռուցման համակարգ, պատուհաններն ու դռներն ունեն վերանորոգման կարիք և այլն, և այլն... Այս խնդիրը միանշանակ լուծում է պահանջում, քանի որ Հայաստանի Հանրապետության համար բոլոր աշակերտները՝ լինի գյուղական համայնքի, թե քաղաքի, ապագայի քաղաքացիներն են ու մեր պետության ժառանգորդները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել