Մեր հասարակության մեջ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ոլորտում շատ է խոսվում Երևանի ապակենտրոնացման մասին։ Սա ճիշտ է։ Բնակչությունը շատ է խտացել մայրաքաղաքում, ու սա ոչ մի կերպ մայրաքաղաքի հանդեպ համակրանք վայելելու հետ կապ չունի։ Պարզապես մարզերում մարդիկ աշխատանք չեն կարողանում գտնել ու ստիպված գալիս են Երևան՝ ինչ-որ բան գտնելու հույսով։ Այդ է պատճառը, որ Երևանում այսօր մեկ միլիոնից ավել մարդ է ապրում, մինչդեռ հանրապետության մյուս քաղաքներում կյանքը բավականին լճացած է։
Շատ է խոսվում Գյումրիում, Վանաձորում ու մյուս քաղաքներում ներդրումներ անելու վերաբերյալ։ Սա լավ է։ Սակայն մյուս կողմից՝ հենց նույն Գյումրիում բազմաթիվ անգամ ականատես ենք լինում մի այսպիսի երևույթի։ Քաղաքի բնակիչները մի տեսակ մուննաթ-զուննաթով են խոսում քաղաքում տիրող իրավիճակի մասին։ Երեկ էլ այդ մուննաթը իր մաշկի վրա զգաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Փաստացի նա սեփական միջոցներից ներդրում է անելու, մինչդեռ լրագրողների մտահոգությունը այլ է՝ «բա ձեզ որտեղի՞ց այդքան գումար»։ Իհարկե, լրագրողների մեծ մասը գյումրեցի էր ու բնակչության հոգեբանական վիճակի առհավատչյան, բայց, շատ կներեք, այս մարդկանց մոտ դժգոհելը դարձել է սովորություն։ Այնպիսի տպավորություն է, որ առանց այն էլ սոցիալապես վատ վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը ու յուրաքանչյուր քաղաքացի պարտական է նրանց։ Հասկանալի է, երկրաշարժ տեսած քաղաք է Գյումրին, հասկանալի է, որ բազում խնդիրներ կան, սակայն մի կողմից շահագրգիռ կողմերը, մյուս կողմից՝ հենց պետությունը, փորձելով ինչ-որ քայլեր ձեռնարկել այս քաղաքում, միանգամից հանդիպում են այս մարդկանց դժգոհությանը, ասել է թե՝ բոլորդ էլ նույնն եք։ Կներեք, եթե չեք ցանկանում գոնե եղած օգնությունն էլ ստանալ կամ գոնե նպաստել, որ ինչ-որ բան արվի քաղաքում, ապա այդ օգնությունից հաստատ չեն հրաժարվի հանրապետության մյուս մարզերն ու քաղաքները, որտեղ պրոբլեմներն ու խնդիրները հասել են մինչ մարդկանց կոկորդը։ Նրանք գոնե շնորհակալ լինել գիտեն։ Առհասարակ, Գյումրին նման է Հունաստանին ու նրա ժողովրդին, վերջիններս ասում են՝ մենք աշխարհին մշակույթ ենք տվել, ուրեմն՝ բարի եղեք մեզ պահել-պահպանել։ Գյումրու պարագայում հակափաստարկ է բերվում երկրաշարժը։ Տառապել ենք ու շարունակում ենք տառապել, անմիջապես փոխեք մեր կենցաղը։ Այդպես չի լինում ու ոչ մի տեղ այդպես չի եղել։ Սա շատ կարևոր նկատառում է։ Մարդիկ վերջապես պետք է հասկանան, որ փոփոխությունները հրաշքների ժանրից չեն։ Նրանք տարիների աշխատանք են պահանջում։ Համապատասխան ներդնողներ ճարել, համոզել, բերել քաղաք, որպեսզի մարդիկ փող ներդնեն Գյումրու զարգացման համար, դե իսկ փոխարենը հանդիպել հայհոյանքների ու դժգոհության։ Մեր հասարակությունը վերջապես պետք է սովորի, որ մուննաթով ոչինչ չի փոխվում։ Միգուցե գյումրեցիների ու նույն թվում լրագրողների մոտ սովորություն է դարձել «դիլխոր» կերպով շփվել իրենց քաղաքի էլիտայի ու, առհասարակ, քաղաքական շրջանակների հետ, սակայն այժմ նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև փոփոխությունները գալիս են նախևառաջ մեզնից։ Մենք պիտի փոխվենք, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում քաղաքում կամ, առհասարակ, մեր շուրջը։