Բաց նամակ Սերժ Թանգյանին
ԲաRev, սիրելի՛ Սերժ,
Մի քանի շաբաթ առաջ Դուք Ձեր բաց նամակում, մտահոգված լինելով Ձեր հայրենիքի ու հայրենակիցների ապագայով, հստակ հարցադրումներով դիմեցիք Սերժ Սարգսյանին, և, ինչը և պետք էր ակնկալել, չստացաք ոչ մի հստակ պատասխան, քանզի Ձեր հարցադրումներին չի կարող պատասխանել մի մարդ, ով իշխանության է եկել 2008-ի Մարտի 1-ի սպանդով և մեր 10 հայրենակիցների արյան գնով, մի մարդ, ով 5 տարի շարունակ օլիգարխիայի ու մենաշնորհների դեմ պայքարելու խոստումներ է տալիս՝ միաժամանակ իր եղբոր հետ լինելով առաջին օլիգարխներից մեկը, մի մարդ, ով 5 տարվա մեջ առաջին անգամ է պատասխանում իրեն ուղղված բաց նամակին, այն էլ՝ Ձեր, այն էլ՝ հավանաբար այն պատճառով, որ Դուք միջազգային համբավ ունեցող մեր հայրենակից հազվագյուտ արվեստագետներից եք, ով չի կաշկանդվում քննադատել և հարցադրումներ ուղղել Սերժի պապիկ Սերժին:
Հարց կծագի, թե ինչու եմ ես այս նամակը գրում Ձեզ: Պատասխանը շատ հեշտ է՝ ես ուզում եմ, որ Հայաստանը լինի մի երկիր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պսակադրվելու առաջին իսկ օրվանից վստահ կլինի, որ իր երեխան ապրելու է ապահով և անվտանգ երկրում:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ծնող իր երեխային դպրոց ուղարկելու առաջին իսկ օրվանից վստահ լինի, որ իր երեխան այն ավարտելու է գիտելիքների մեծ պաշարով և առանց լրացուցիչ պարապելու (ինչը, չգիտես ինչու, մեր երկրում պարտադիր է) կարողանալու է ընդունվել իր նախընտրած համալսարանը:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից վստահ լինի, որ ավարտելիս արդեն ապահովված է լինելու աշխատանքով, այլ ոչ աշխատանքի ընդունվի ծանոթ-բարեկամ խառնելով:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից վստահ լինի, որ թոշակի անցնելուց հետո ապրելու է իր կյանքի ընթացքում արած գործերին և ձեռքբերումներին համապատասխան և փոխհատուցվելու է նրա՝ երկար տարիների ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքը:
Ես պարզապես Ձեր նման ուզում եմ Ազատ և Երջանիկ Հայաստան:
Սակայն այս ամենին ես, Դուք, մենք չենք կարող հասնել միայնակ, առանձին-առանձին, դրան կարող ենք հասնել միայն միասին՝ օգնելով մեկմեկու, իրար մասին հոգ տանելով: Շատերը կասեն, թե դա հնարավոր չէ, իսկ ես ասում եմ՝ Հնարավոր է, ցանկության դեպքում Հնարավոր է: Ուստի հրավիրում եմ Ձեզ ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակ՝ տեսնելու իրական Հայաստանը, որտեղ իշխանությունը զավթած մարդն իր երդմնակալությունն է անցկացնելու նեղ ընկերական շրջապատում: Իսկ Ժողովրդի կողմից ընտրված նախագահն իր երդմնակալության արարողությունն է անցկացնելու իրեն վստահության քվե տված քաղաքացիների առջև:
Արի՛ ու տե՛ս, արի՛ ու մեր հետ միասին սկի՛զբ դիր Ազատ և Երջանիկ Հայաստանի կառուցմանը:
Կսպասեմ եմ Ձեզ Հանրապետության հրապարակում։
Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/478736045508474?ref=notif%C2%ACif_t%3Dclose_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել