2014 թ. Նյու Յորքի համալսարանի 3 ուսանող հին գարշահոտ բազմոց է գնել 20 դոլարով: Տղաներին այնքան էլ դուր չի եկել բազմոցը, բայց այլ ելք չեն ունեցել: Բազմոցը նրանց հյուրասենյակի միակ կահույքն է դարձել:
Մի երեկո ընկերները, բազմոցին նստած, հեռուստացույց են դիտելիս եղել: Նրանցից մեկը ձեռքով պատռել է մակերեսը և զգացել, որ արմնկակալի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա:
Այդտեղից հանել են ծրար, որի մեջ 700 դոլար է եղել: Ավելի մանրամասն ստուգելով՝ տղաները ևս մի քանի ծրար են գտել: Բազմոցի մեջ եղել է ընդհանուր 40 000 դոլար:
Ընկերները ծրարների վրա տեսել են անուն և ազգանուն: Հեռախոսային տեղեկատուի միջոցով ուսանողները գտել են բազմոցի նախկին տիրուհուն:
Պարզվել է՝ նա այրի է, իսկ այդ փողը հանգուցյալ ամուսնու հետ է կուտակել: Ամուսնու մահից հետո կնոջ աղջիկը նրան ավելի լավ բազմոց է նվիրել, իսկ դա տվել է բարեգործական կազմակերպության, որն էլ այն վաճառել է տղաներին:
Ազնվության համար այրին տղաներին 1 000 դոլար է տվել փողից, որն իրեն վերադարձրել են: