Տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել միջհամայնքային ճանապարհների մեծ մասը, սակայն առավել մտահոգիչ է այն հանգմանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում խնդիրներ առաջացնող երևույթների վերացման համար:
Ստեփանավան-Ուրասար միջհամայնքային ճանապարը (շուրջ 4,5 կմ Ստեփանավանի Արմանիս թաղամասից հաշված) եթե մինչև այդ անանցանելի էր ավելի քան 20-40 սմ խորությամբ դարուփոսերի պատճառով, հիմա էլ բացարձակ անանցանելի է տեղացած առատ ձյան պատճառով: Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերը արդեն 5-րդ օրն է՝ ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից: Խնդիրն ավելի շատ բարդացնում է լեռնային ու բարդ եղանակային պայմանների պատճառով ոչ միայն ձյան մաքրման աշխատանքների թերի կամ ամբողջովին չկատարումը, այլև նախօրոք որևէ քայլ չձեռնարկելը տեղացած առատ ձյան հետևանքները առավել հեշտ վերացնելու համար: Բնական պայմաններն այս հատվածում այնպիսին են, որ անընդմեջ լեռներից փչող քամին սառը ձյունը կուտակում է հենց ճանապարհի կենտրոնում, ու եթե նայենք աջ ու ձախ, ապա լեռներին անգամ ձյուն չի երևոմ, սակայն ճանապարհին 1 մ ձյուն է կուտակված: Եթե Արմանիսում գտնվող հանքի աշխատակիցները հատուկ տեխնիկայով մինչև Արմանիս թաղամաս ճանապարհը բացում են, ապա դրանից հետո Ուրասար, ապա Կաթնաղբյուր ճանապարահատվածը մնում է փակ և անանցանելի: Վստահ եմ՝ գյուղապետարաններում միանշանակ կգտնեն հնարավոր բոլոր միջոցները արդարացման համար՝ տեխնիկան քիչ է, անսարք է, վառելանյութ չկա, գումար չկա և այլն, և այլն, սակայն այդ ամենը խոսում է միայն իրենց վատ աշխատելու և պետբյուջեից հատկացվող միջոցների անարդյունավետ օգտագործման մասին, այդ թվում նաև՝ Ստեփանավանի ու մարզպետարանի համապատասխան վարչությունները, որոնք բացարձակ չեն էլ հետաքրքրվում, թե Ստեփանավանի կենտրոնից 10 կմ հեռու գտնվող համայնքում ինչ խնդիրներ կան, կամ լավագույն դեպքում մտածում են, բայց լուծում չեն գտնում, ապա ես առաջարկում եմ մի քանի կետ, որոնք միանշանակ կարող են, եթե ոչ լուծել, ապա հեշտացնել առկա խնդիրների լուծումը:
1. Համայնքներում առաջանահերթ ճանաչել ճանապարհի կառուցումը, այդ թվում՝ զբաղվել ֆինանսական միջոցների հայթայթմամբ, ստեղծել համապատասխան պահուստային ֆոնդեր, կատարել անկողմնակալ աուդիտ, բացահայտել անարդյունավետ ոլորտները, որոնց վրա մսխվում են պետբյուջեից հատկացվող գումարները։
2. Ճանապարհի այն հատվածներում, որտեղ քամին լեռներից ձյունը կուտակում է, կառուցել առնվազն 0,5 մ բարձրությամբ արգելապատնեշ կամ ցանց տեղադրել: Տեղին է նշել՝ անգամ ճանապարհի եզրերին արգելապատնեշ չկա, որ մեքենան ձորը չգլորվի, այնինչ ձորի կամ բարձունքի դեպքում պարտադիր է ճանապարհի երկայնքով տեղադրել պատնեշ՝ կլինի դա մայրուղի, թե միջհամայնքային ճանապարհ։
3. Ճանապարհի երկայնքով իրականացնել ծառատունկ, որը կդառնա բնական պատնեշ լեռներից քամու միջոցով վար իջնող ձյան դեմ։
4. Թարմացնել տեխնիկան, նախապես հաշվարկել ամորտիզացիոն ծախսերը, պատրաստվել ձմռանը թե´ տեխնիկապես, թե´ ֆինանսապես՝ մեծացնելու համար ձմռանը ճանապարհներին ծախսվող գումարի չափը:
5. Համապատասխան գերատեսչություններին, այս դեպքում՝ Տրանսպորտի նախարարությանը, առավել հետևողական լինել այն ընկերությունների աշխատանքների հանդեպ, որոնք սպասարկում են ճանապարհները, ինչպես նաև գյուղապետարանների և մարզային այն կառուցների նկատմամբ, որոնք պետք է իրականացնեն այդ աշխատանքները:
Կարծում եմ՝ հնարավորինս շարադրեցի անելիքները, ստորև մի քանի լուսանկար ներկայիս Ուրասար տանող ճանապարհի վերաբերյալ, որն, ի դեպ, իբրև թե երեկ ամբողջությամբ անցանելի էր...