Որքան էլ որ տհաճ լինի, այդուհանդերձ, մեր հայրենակիցների քանակը Ռուսաստանի Դաշնության տարածքում գնալով շատանում է։ Եվ որքան էլ հայկական վիճակագրական ամենատարբեր ընկերություններն աղմկեն, որ դա այդպես չէ, ամենալավ վիճակագրությունը մարդուս աչքերն են, որոնք տեսնում են ամեն ինչ։
Տեսնում են, որ, օրինակ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում, փոքր ու մեծ խանութներում, առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, սրճարաններում, ռեստորաններում, ցանկացած օֆիսում, ուր ինչ–որ խնդրով փորձում ես դիմել, տարբեր հեռուստաալիքներում, թերթերում, ամսագրերում, մի խոսքով ամեն տեղ հայերն այնքան շատ են, որ հայերեն որևէ մի «վատ» բառ ասելու համար (եթե կա դրա կարիքը), անհրաժեշտ է լինել շատ ուշադիր՝ որևէ մեկի կողմից մայրենի լեզվով ամոթանք չստանալու համար։
Մինչ ես գրում եմ այս նյութը, հնարավոր է, որ Հայաստանում՝ ինչ–որ բնակավայրում, ոմն մեկը ծրագրեր է փայփայում մեկնելու, օրինակի համար, Մոսկվա։
Երբ ուզում ես ապրել քո երկրի սահմաններից դուրս, պետք է հստակ ընկալես, որ նոր բնակավայրում քեզ լիովին նոր օրենքներ են սպասում։ Ուրիշ երկրում ուրիշ ազգ է՝ իր ուրույն մտածելակերպով, ապրելաոճով, բարքերով ու սովորույթներով։ Եվ ավելի ճիշտ կլինի նախապես պատրաստ լինես դրանց, որովհետև ինչ–որ մի արարք քո երկրում, քո հայրենակիցների շրջապատում կարող է դիտվել որպես սխրագործություն, ուրիշ երկրում նույն քայլը կարող է, օրինակ, վախեցնել օտարին։
Ունենալով Մոսկվայում բնակվելու արդեն տասնամյա փորձ՝ մի քանի խորհուրդ նրանց, ովքեր ուզում են տեղափոխվել 12 միլիոնանոց (պաշտոնական տվյալներով) բնակչություն ունեցող մեգապոլիս։
1. Ամենակարևոր նախապայմանը լեզուն է, մեր դեպքում՝ ռուսերենը։
Տիրապետեք գոնե էլեմենտար խոսակցականին, որպեսզի կարողանաք ձեր միտքը հաղորդել զրուցակցին և «ոտով, ձեռով» չխոսել։
Ի դեպ, «արա, էսի կազյոլ ա» արտահայտությունը, որը մեր խոսակցականում (ժարգոն) հաճախ է օգտագործվում, պետք չէ կիրառել ռուսի հետ շփվելիս։
2. Նա, ով կարծում է, թե Մոսկվայում փողը թափված է գետնին և մնում է միայն գալ, հավաքել ու մի քանի ամիս հետո տպագրվել «Ֆորբս»–ում, ասեմ. եթե դուք չեք պատրաստվում հետևել հայ այն տականք բիզնեսմենների օրինակին, ովքեր ապրում են «քցելով», ապա մաքուր աշխատավարձով Մոսկվայում սարեր շուռ չես տա, չես հարստանա, իսկ քաղաքի ամենածայրամասում ոչ նորակառույց շենքում թեկուզև մեկ սենյականոց բնակարան գնելն արդեն իսկ բաղձալի երազանք է, նույնիսկ անիրականալի։
3. Բարձր, նաև ձեռքով–ոտքով մի խոսեք։ Եթե Երևանում դրա վրա ուշադրություն դարձնող չկա, այստեղ նման պահելաձևը կընկալվի որպես վեճ, և ձեզ կարող են մոտենալ ոստիկանները։
4. Քթներդ վեր ման մի եկեք։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փողոցում գտնվող բոլոր մարդիկ ձեզ պարտք են և այն պահը, որ իրենք դեռ շնչում են, ձեր «բարիության» արդյունքն է։ Հավատացեք, այդ քիթը ջարդող հաստատ կգտնվի։ Եվ այդ դեպքում ոչ ոք հաշվի չի առնի, որ դուք, օրինակ, Թութաստանից եք, իսկ «բոքսի հայաթի Կյաժը ձեր քիփն ա»։
5. Գիշերը մի շարք թաղամասերում (Химки, Чертановская, Бутово) չարժե ման գալ, մանավանդ, եթե դուք մենակ եք։ Անչափահաս խուլիգաններ, «ջեպկիրներ», հարբածներ, այլազգիներին չտանող ռուսներ (ի դեպ, ռուսները շովինիստ են, իկարկե, ոչ բոլորը, բայց նրանք քիչ տոկոս չեն կազմում) անպայման կհանդիպեն։
6. Մի փնովեք այն ազգին, որի երկրում ապրում եք։ Ուղղակի պատկերացրեք, թե դուք ինչպես կվարվեիք, եթե Երևանում ռուսը փնովեր հայերին։
7. Մարդու վրա, լինի նա տղամարդ, թե կին, երկար մի նայեք։ Նման քայլն անկիրթ է համարվում, և ձեզ անպայման դիտողություն կանեն։
8. Փողոցում, հասարակական այլ վայրերում մարդկանց հետ զրուցելիս մի թքեք գետնին, ցուցամատով քթի մեջ մի փորփրեք և, որն ամենակարևորն է, ձեռքերով սեփական գրպաններում «բիլյարդ» մի խաղացեք։
9. Շնորհակալ եղեք երկրից, որն ընդունում է ձեզ, հնարավորություն տալիս աշխատել, հոգալ սեփական, նաև՝ ընտանիքի խնդիրները։
Եվ վերջում մի դեպքի մասին։ Պատկերացրեք մթերքի խանութ։ Տերն ու տնօրենը հայ են։ Եվ ահա նա կանգնած է իր խանութում ու նայում է իր աշխատողների և այցելուների վրա։
Խանութ է մտնում մի բոմժ՝ կեղտոտ շորերով, հարբած, ձեռքին ծխախոտ։ Մեր հայրենակիցը դիտողություն է անում բոմժին.
– Эй, курить нельзя, выключи сигарету.
Բոմժը (չմոռանաք, որ նա հարբած է), սկսում է հռհռալ ու պատասխանում է.
– Выключить не могу, но потушу...
Չեմ ցանկանա, որպեսզի ձեզանից մեկը հայտնվի նման իրավիճակում։
Լավագույն բարեմաղթանքներով։



