Ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Ռուսաստան՝ կարող ենք արձանագրել, որ այն հաջողված էր։ Առհասարակ, պետական մակարդակի այցերի ընթացքում ու պաշտոնական հայտարարությունների համատեքստում շատ հաճախ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Դրա վերաբերյալ տեղեկություններ ու կարծիք մենք կարող ենք ստանալ՝ հաշվի առնելով այցի մասին լուսաբանումները, մեկնաբանություններն ու դրա հետևանքները։ Չենք կարող հաշվի չառնել նաև զուգահեռ իրականության մեջ տեղի երկու երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։
Եվ այսպես՝ ինչ պայմաններում Կարապետյանը գնաց Մոսկվա։ Հայաստանում տեղի են ունենում այս ընթացքում պառլամենտական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ։ Աստիճանաբար ձևավորվում են դաշինքներ, կուսակցությունները ակտիվ կոնսուլտացիոն փուլում են, ու ամսվա վերջին արդեն պարզ կդառնա՝ ով, որտեղ, երբ և ումով։ Մի առիթով նշել էինք, որ Կարեն Կարապետյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելով, որոշակի երաշխիքներ այնուամենայնիվ պահանջել է Սերժ Սարգսյանից։ Երկրորդ անգամ նա նույն գետը չէր մտնի․ նկատի ունենք Երևանի քաղաքապետ եղած ժամանակ նրա անսպասելի հրաժարականը։ Այժմ այդ նախապայամանները ուրվագծվում են՝ ՀՀԿ-ից մեկը մյուսի հետևից դուրս են գալիս օդիոզ կերպարները, չի բացառվում նոր արտահոսք։ Կարապետյանը հստակ պահանջ էր դրել ու հասկացրել, որ կան մարդիկ, ում հետ նա չի աշխատի։ Փոխարենը վերջինս կարծես թե պարտավորվում էր իր աշխատանքի ընթացքում ներդրումներ ապահովել Հայաստանի համար, որովհետև երկրի տնտեսության վերակենդանացման համար անհրաժեշտ են, որպեսզի երկիր մտնեն մեծ գումարներ։ Մոսկվա կատարած այցի ելակետը տուրիզմի ոլորտի վերաբերյալ խոսակցություններն էին, ու կարծես թե շեշտը դրվելու է հենց այդ ոլորտի վրա, այսինքն՝ Ռուսաստանի համար ավելի գրավիչ դարձնել հայկական տուրզիմը։ Տեսնենք, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները։ Հաջորդ հանդիպումը, կարծում ենք, Կարապետյանը կփորձի կյանքի կոչել արդեն Արևմուտքի հետ։ Բայց այն, որ վարչապետը՝ որպես ինքնուրույն գործոն, փորձում է ինչ-որ կերպով իր դերը գտնել քաղաքական դաշտում, դա արդեն փաստ է։ Ընդ որում՝ առայժմ առանց քաղաքական լոզունգներ: