Այսօր աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը ՏՏ-ն է: Գրեթե բոլոր զարգացած երկրները մեծ ներդրումներ են իրականացնում տվյալ ոլորտում և ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ նորանոր նվաճումների համար: Հուրախություն մեզ՝ մեր երկրում ևս վերջին 5-6 տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բուռն աճ է արձանագրում՝ տարեկան 20-25 տոկոսի միջակայքում, այն ընթացքում, երբ երկրի միջին տնտեսական աճի ցուցանիշը գտնվում է 3-4 տոկոսի սահմաններում է:
Իհարկե, վերոնշյալ ցուցանիշը կարելի է գնահատել բարձր, բայց հաշվի առնելով այս ոլորտի զարգացման համաշխարհային տեմպը՝ պետք է այն մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ, բարեբախտաբար, մեր երկրում շարունակաբար տարվում են աշխատանքներ: Դեռ 2 տարի առաջ ՀՀ կառավարությունը որոշեց ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություն տրամադրել` 0 տոկոս շահութահարկ և 10 տոկոս եկամտային հարկ, ինչի արդյունքում այստեղ տասնյակներով նոր ընկերությունների ստեղծվեցին:
Մի քանի օր առաջ ևս ՏՀՏ բնագավառի զարգացման նոր խթանների փաթեթ ներկայացվեց՝ կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Այն նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ և ոլորտի աշխատուժի զարգացմանը կոնկրետ նախագծեր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այս գործընթացից ակնկալվում է մինչ 2025 թվականը ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտում ներգրավել սփյուռքահայ և արտերկրի օտարազգի բարձրակարգ մասնագետների: Ակնկալիքները կարող են հավակնոտ թվալ՝ հաշվի առնելով ներկայումս առկա 15000 աշխատողների թիվը, բայց ՏՀՏ ոլորտ-պետություն փոխգործակցության առկա պայմաններում շանսը մեծ է, որ դրված խնդիրը կկատարվի: