Ինչու՞, ունենալով միջնակարգ և բարձրագույն կրթություն, կարդացած լինելով այնքան գիրք, որքան հայաստանյան հաստավիզ ու տգետ օլիգարխները, մականունավոր երեսփոխանները նույնիսկ երազում չեն տեսել, ունենալով աշխատանքային երկարամյա փորձ, իմ ուղեղը պետք է վաճառեմ օտար երկրին, աշխատեմ օտար երկրում, օգուտ բերեմ օտար երկրին, հարկեր մուծեմ օտար երկրին, որովհետև Լֆիկը, Դոդը, Նեմեցը (ես Հայաստանում 10 տարի է չեմ ապրում, էլ ո՞վ ունենք– Պճիճը, Կյաժը, Չոբանը, Ռեհանը..., շատ հավանական է, որ կարող են լինել) իմ բարեկամները չեն։
Եթե չունեմ նման բարեկամներ, ուրեմն չունեմ լավ աշխատանք, ուրեմն ընտանիքս պիտի իր կյանքն անցկացնի հանապազօրյա հացը վաստակելու խնդիրը լուծելու ամենօրյա գործընթացով։ 
Հիմա ի՞նչ, եթե իմ քեռին կամ հորեղբայրը չեն կարող ուրիշի պես փչացած ձվեր վաճառել խանութներում ու դառնալ օլիգարխ, չունեն մականուն, ուրեմն վե՞րջ։
Ինչու՞ իմ երկիրը, որի քաղաքացին եմ ես, իմ մասին չի մտածում, չի հոգում, չի ձեռնարկում կոնկրետ քայլեր իմ և մեծամասնության սոցիալական վիճակը բարելավելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Ինչու՞ հարստանում են մի քանի տասնյակներ ու հարստանում են միշտ հենց իրենք, իսկ միլիոնները, չունենալով առաջընթաց և հույս, լքում են իրենց հայրենիքի սահմանները՝ ապաստան գտնելով ուրիշ երկրներում։ 
Ինչու՞ ուրիշ երկիրն ի վիճակի է կերակրելու և՛ իր քաղաքացուն, և՛ եկվորին, ապահովել աշխատանքով, իսկ իմ երկիրը ոչ միայն այդ առումով «իմպոտենտ» է, այլև բուժում ընդունելու քայլեր չի ձեռնարկում։
Ինչու՞ եվրոպական ցանկացած երկրի քաղաքացի իր երկրի սահմաններից դուրս իրեն լիովին պաշտպանված է զգում, իսկ հայը սեփական երկրում չունի վաղվա երաշխիք։ Ւսկ դրսում դու ընդհանրապես ոչ մեկին պետք չես։ Փորձե՞լ եք ինչ–որ հարցով դիմել Մոսկվայում «Армянский переулок»–ում գտնվող Հայաստանի հյուպատոսարան։ Ինչպե՞ս և որտեղի՞ց է հյուպատոսը հաջողացրել իր շուրջը հավաքել այդքան անմակարդակ, բառիս բուն իմաստով, «բոշա» ու «քյառթու» կանանց, որոնց տեղը ոչ թե հյուպատոսարանում է, այլ լավագույն դեպքում վճարովի զուգարանում։
Քաղաքակիրթ երկրում ես այս հարցերը կարող էի շատ հանգիստ, նույնիսկ համացանցով, ուղղել այդ երկրի նախագահին և շատ շուտ պատասխան ստանալ։ Մեզ մոտ՝ ոչ։ ՄԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ՉԵՆՔ։
Եթե ժամանակին հասկանայի, թե ինչն է «հարգի լինելու» Հայաստանում, դպրոցում վատ կսովորեի, «կթռնեի» համալսարանի դասերից, ինձ այնպիսի մականուն կընտրեի, որի արմատում անպայման լիներ «տուպոյ», «հիտլեր», «շռամ» բառերից գոնե մեկը, «սութի հայրենասերի» ձև կտայի, մի տեղ «պովր» կաշխատեի կամ մի ուրիշ տեղ կաշառք–մաշառք կվերցնեի։ Ու հիմա օտար երկրում չէի աշխատի, որ ընտանիքս կերակրեմ։ Կլինեի Հայաստանում, Հյուսիսային պողոտայում, բնակարանիցս կերևար Երևանը, պատուհանիս մեջ հազիվ կտեղավորվեր հաստ վզիս պատկերը, կլինեի դոդ, բայց կլինեի երեսփոխան կամ իշխանամետ կուսակցության ղեկավարներից մեկը, չէի ունենա մարդկային և ոչ մի հատկանիշ, բայց կունենայի լիքը փող։
Սա է մեր երկրի պետական քաղաքականության, այսինքն՝ պետության «հայրենասեր» դաստիարակության արդյունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել