Երեկ երեկոյան հիվանդանոցում սրտամկանի կաթվածից մահացել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նա մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: Cultural.am կայքը իր խորին ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստը գնահատողներին:
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923-ին Ալեքսանդրապոլում (Եգիպտոս): Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի ակադեմիայում (1944-1947) և Փարիզի Գրան-Շոմյեր ակադեմիայում (1952-1954):
«Հակոբյանի կտավներն աչքի են ընկնում բացառիկ ստույգ, գրեթե մաթեմատիկորեն հաշվարկված կոմպոզիցիոն կառուցվածքով: Դրանք կարող են օրինակը լինել, թե ինչպես ճիշտ լուծված կոմպոզիցիան անխախտ է և չի ենթարկվում վերանայման: Ստույգ զետեղման շնորհիվ առարկաներն անկախության իրավունք են ձեռք բերում և մերժում են ամեն մի պատահականություն»,- գրել է Հենրիկ Իգիթյանը: