Սեբաստիայում նահատակված քառասուն սբ. մանուկների հիշատակության օր
Ընթերցվածք` Իմս. 3.1-8, Նվ. 2.1-4, Ես. 43.1-3, Եփես. 6.10-18, Մատթ. 13.43-52
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Մեծ պահքի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Սեբաստիայի քառասուն մանուկների հիշատակը: 4-րդ դարի սկզբին նահատակված քառասուն մանուկներն իրականում Սեբաստիա քաղաքի կայսերական գնդի զինվորականներ էին, ովքեր խիզախորեն վկայում և խոստովանում էին իրենց հավատը: Հրաժարվելով զոհ մատուցել կուռքերին` նրանք բանտարկվում են, ապա ձմեռային մի գիշեր նետվում Սեբաստիայի մոտակայքում գտնվող լիճը: 40 զինվորներից մեկը, չդիմանալով փորձությանը դուրս է նետվում լճից ու մահանում: Մնացյալները լուսադեմին երևում են լուսե պսակներով: Նրանց հսկող զինվորականն այդ տեսարանից ազդված դարձի է գալիս և նետվելով լիճը պսակակից դառնում սուրբ վկաներին:
Սակայն աստվածային հրաշքը չի կանգնեցնում հեթանոսներին. առավոտյան նրանք լճից դուրս են բերում 40 մանուկներին և նահատակում, ապա խոշտանգված մարմինները լցնում գետը, որպեսզի քրիստոնյաների ձեռքը չանցնի: Բայց Սեբաստիայի եպիսկոպոսը տեսիլքով գտնում է սրբերի նշխարները և ամփոփում մի վայրում, ուր հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի եկեղեցին:
Կարծում ենք` այսօր պատահական չէ ընտրված այս սրբերի հիշատակությունը, որովհետև այն մեզ ցույց է տալիս, թե ո´րն է քրիստոնյայի իրական զենքը: 40 զինվորները, ովքեր, վստահաբար, կարող էին զենք վերցնելով մարտնչել, իրենց սրտում փայփայած հավատի վկայության համար նախընտրեցին ճշմարիտ նահատակությունը, որն իրենց ոչ պակաս փառքի ու պսակի արժանացրեց: Պողոս առաքյալը քրիստոնյաներին հոգևոր մարտի է հրավիրում` ընդգծելով, որ այդ պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների ու սատանայի հնարքների դեմ (տե´ս Եփես. 6.11-12): Առաքյալը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հավատացյալ պայքարում է չարի դեմ և ոչ` մարդկանց դեմ, ովքեր բռնված են չարից:
Նա հորդորում է մեզ այդ հոգևոր մարտի մեջ զորանալ Տիրոջով ու Աստծու սպառազինությունը հագնել: Այդ սպառազինությունն առաքինություններն են, որ առաքյալը հիշատակում է շարունակության մեջ. «Ուստի առե´ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո´ւն կացեք` տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը` ձեր ոտքերը ամրացրե´ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե´ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե´ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե´ք» (Եփես. 6.13-18):
Այս պատգամն է այսօր մեր մտքերում, որպեսզի ըմբռնենք իրական մարտի իմաստը: Այն յուրաքանչյուր քրիստոնյա մղում է իր կյանքի ամեն օր և ժամ: Մարտ, որի զենքերն են ճշմարտությունը, հավատը, խաղաղությունը, արդարությունը, փրկությունը և Աստծու խոսքը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ առաքյալի միջոցով Աստված մեզ հորդորում է աղոթել և ոչ միայն մեզ, այլև Տիրոջ բոլոր զավակների համար: Սրանք են քրիստոնյայի կյանքի իրական ամրանները, որ անվտանգ պահպանում են մեզ բոլոր փոթորիկներից ու հարձակումներից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/501318013264816?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել