
Երաժշտությունն ընկալվում է մարդկանց կողմից: Ապացուցված է նաև դրա ազդեցությունը կենդանիների վրա: Հարց է ծագում` կարո՞ղ է արդյոք երաժշտությունն ազդել նաև բույսերի վրա: Չկա՞ արդյոք կապ տարբեր բնույթի երաժշտական ձայներ արձակող թռչունների, մեղուների ու այլ կենդանիների և բույսերի մեջ: Կապը երաժշտության և բույսերի միջև ոչ այնքան հեռու անցյալում երևակայական էր համարվում, իսկ այժմ այն բազմաթիվ նոր փաստերով ստացել է գիտական հիմնավորում:
Պարզվել է, օրինակ, որ երաժշտությունը բարձրացնում է ցանքի արդյունավետությունը, նպաստում է բույսերի զանգվածի ավելացմանը, ակտիվացնում է դրանց ծաղկումը, ազդում է ծաղիկների գույնի փոփոխության վրա, արագացնում է պտուղների հասունացումը և բարձրացնում դրանց որակը: Ընդ որում, ապացուցվել է, որ երաժշտության ազդեցությամբ բույսերում արագանում է նյութափոխանակությունը, ինտենսիվանում է ֆոտոսինթեզը, ավելանում է նրանցում սինթեզվող վիտամինների և ֆիտոնցիդների քանակը, փոխվում է ֆերմենտների ակտիվությունը, բաձրանում է բջջաթաղանթների թափանցելիությունը, արագանում է շնչառությունը:
Այսպես, երաժշտության ազդեցությամբ ցորենի բերքն ավելացել է 66 %-ով, բրիձինը` 60%-ով, ծխախոտինը` 50%-ով, նարնջի հյութի մեջ C վիտամինի քանակությունն ավելացել է մոտ 12 անգամ:
Հետաքրքիր է այն փաստը, որ բույսերը գերադասում են «ունկնդրել» հանգստացնող երաժշտություն, իսկ աղմկոտ երաժշտության (ռոք, անընդհատ թմբկահարում) տակ և հատկապես դրա դրամատիկ պահերին նրանց կենսական ակտիվությունը պակասում է. փոքրանում են տերևների և արմատների չափերը, պակասում է բույսի ընդհանուր զանգվածը: Կարևոր է նշել, որ այդ դեպքերում բույսերը նույնիսկ թեքվում են ձայնի աղբյուրին հակառակ կողմը` կարծես ցանկանալով խուսափել այդ երաժշտության բացասական ազդեցությունից:
Բույսերը զանազանում են ոչ միայն երաժշտության բնույթը, այլ նաև դրա հնչեղության աստիճանը: Առավել լավ արդյունք է տալիս 5 կիլոհերց հաճախականությամբ ձայնը: Ընդ որում, տարբեր բույսերի վրա ձայները, կախված իրենց հաճախությունից և այլ առանձնահատկություններից, տարբեր ազդեցություն ունեն: Կարելի է ասել, որ բույսերի տարբեր խմբեր երաժշտությունն ընկալում են ընտրողաբար:
Բերենք գոյություն ունեցող բազմաթիվ փաստերից մի քանիսը:
Դդմենու ցանքի ժամանակ գերադասելի է երգչախմբային երաժշտությունը, վարսակի ցանքի ժամանակ առավել բարենպաստ է կանանց երգը, բանջարանոցային կուլտուրաների ցանքի ժամանակ` պարկապզուկը և շվին, իսկ կտավատի ցանքը նպատակահարմար է կատարել երգի և դրա նվագակցության պայմաններում:
Ամերիկացի հետազոտող Դան Կառլսոնը ջութակի և թավջութակի համար գրված Բախի և Վիվալդիի երաժշտության և արտարմատային սննդարար լուծույթի օգնությամբ աճեցրել է աշխարհում ամենամեծ բույսը` 160 մ երկարություն ունեցող չարչաչածաղիկ (Passiflora), այն դեպքում երբ այդ բույսի սովորական երկարությունը 54 սմ-ից չի անցնում:
Արտարմատային սնուցման և երաժշտության համատեղ ազդեցության պայմաններում ակտիվանում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական պրոցեսները, մեծանում է հերձանցքերի թիվը, ավելանում է ածխաթթու գազի և ջրի կլանումը, աճի խթանիչների քանակը: Դրանով էլ պայմանավորված է բույսերի կենսազանգվածի մեծացումը: Օգտվելով Կառլսոնի մեթոդից` ֆերմեր Վալտեր Իպհոֆն աճեցրել է կարտոֆիլ, որն ուներ մինչև 400 գ քաշով և 15 սմ երկարությամբ պալարներ, վարդի թուփ` 65 կոկոններով (5÷7 –ի փոխարեն):
Ո՞րն է բույսի և երաժշտության կապի կենսաբանական մեխանիզմը: Հայտնի է, որ բույսերը չունեն զգայարաններ և նյարդեր, բայց նրանցում կա այս կամ այն ազդեցությունն ընկալելու և կենսահոսանքներով տեղեկատվությունը հաղորդելու միջոցով գործող հետադարձ կապի յուրահատուկ համակարգ:
Բույսի տարբեր մասերում տեղավորված են միմյանց հետ կենսաէլեկտրական գործընթացներով կապված «նյարդային ուղիներ»` ֆլոեմային խրձեր, մերիստեմա, ռեցեպտորային սպիտակուցներ, ֆիտոքրոմներ, որոնք փոխարինում են նրանցում բացակայող նյարդային համակարգին: Այս բնագավառի ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ձևավորելու ներկայումս զարգացող «ֆիտոպսիխոլոգիա» (բուսահոգեբանության) ուղղությունը:
Մի քանի խոսք նաև մարդկանց նկատմամբ բույսերի ռեակցիայի վերաբերյալ: Պարզվել է, որ բույսերն ընկալում են մարդկանց տրամադրությունը, փաղաքշական վերաբերմունքը և հակառակը` կոտրելու, այրելու և այլ վնասներ պատճառելու նրանց ցանկությունը: Հետաքրքիր են Տոկիոյի էլեկտրոնային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կեն Հաշիմոտոյի դիտարկումները: Նրա կինը, որը շատ էր սիրում ծաղիկներ, մշտապես խոսում էր իրենց տանն աճող կակտուսի հետ: Հետազոտողը բույսի մեջ հայտանաբերեց էլեկտրական ակտիվության ռեակցիա, որն արձանագրվում էր նուրբ, սիրալիր վերաբերմունքի, տերևները և մսալի ցողունը շոյելու դեպքում: Փորձում հաջողվեց էլէկտրական ազդակները փոխակերպել ձայնային ազդանշանների և բույսը «խոսեց»: Դա հիշեցնում էր բարձր լարվածության էլեկտրական գծերի ձայները և բազմազան տոնայնության և ռիթմի այլ ձայներ:
Բնության մեջ, որպես ամբողջական համակարգում, տարբեր երևույթների փոխադարձ կապը, համամասնությունը և ներդաշնակությունը բնական ընտրության և երկարատև էվոլյուցիայի արդյունք են: Հետևաբար, անհրաժեշտ է գտնել և օգտվել այդ փոխհարաբերությունից` առանց խախտելու, անշուշտ, դարերի ընթացքում ստեղծված համակարգերը: