Մի քանի հազար մարդ հունվարի 19-ին Նյու Յորքում մասնակցել է ցույցի՝ ուղղված ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ։ Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերի մոտ ելույթով են հանդես եկել ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Ալեք Բոլդուինը և Մարկ Ռուֆալոն։
Երկակի օսկարակիր Դե Նիրոն առաջինն է ելույթ ունեցել՝ անվանելով Թրամփին «հիմար օրինակ ողջ երկրի և այս քաղաքի համար»։
«Ֆարենհայթ 9/11» (2004 թ) հայտնի ֆիլմի ստեղծող Մուրը նախազգուշացրել է, որ «Ամերիկան վերապրում է իր պատմության մեջ չափազանց վտանգավոր շրջան»։ «Ամեն ինչ այնքան վատ է, որքան Ձեզ թվում է, սակայն էլ ավելի է վատանալու»,-նախազգուշացրել է ռեժիսորը։
«Այս երեկո մենք հավաքվել ենք՝ պաշտպանելու մեզ բոլորիս համար թանկարժեքը։ Դա մեզնից յուրաքանչյուրն է»,-նշել է Ռուֆալոն։ Նրան միացել են նաև դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Մարիսա Տոմեյը և Շեյլին Վուդլին։
Նման ակցիաներ ԱՄՆ շատ քաղաքներում անցկացվում են հանգստյան օրերից։
45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր։ Անվտանգության ապահովման համար մոբիլիզացվել են 3000 ոստիկաններ և Ազգային գվարդիայի 5000 մարտիկներ։ Washington Post-ի հաղորդմամբ՝ երդմնակալության արարողության անցկացման ծախսերը կարող են կազմել 175-200 մլն դոլար։



