Տարիներ առաջ մի առականման պատմություն լսեցի, որն էլ ուզում եմ կիսվել ձեզ հետ (ի դեպ, պատմողը մի իմաստուն պապիկ էր):
Հանդիպում են եզն ու առյուծը և տղայական զրույցի բռնվում: Եզը պատմում է, թե ինչքա՜ն ուժեղ է ինքը, ինչքա՜ն իր ասածի, որ իր կինը երբեք չի համարձակվում իրեն հակաճառել, քանի որ անմիջապես քոթակում է նրան:
- Իսկ քեզ մոտ ինչպե՞ս է, կարողանո՞ւմ եք ընդհանուր հայտարարի գալ,- հարցնում է եզը առյուծին:
- Իհարկե, երբ ինչ-որ խնդիրներ են լինում, մենք անպայման քննարկում ենք, ներկայացնում մեր տեսակետերը, լսում միմյանց կարծիքներ ու գալիս ընդհանուր հայտարարի,- ժպիտով պատասխանում է առյուծը:
- Ինչպե՞ս, միթե դու լսում ես կնոջդ կարծիքը, զարմանալի է, չեմ կարողանում հասկանալ քեզ: Լավ, իսկ կնոջդ հաճա՞խ ես ծեծում,- զարմանքով հարցնում է եզը:
- Ես կնոջս վրա երբեք ձեռք չեմ բարձրացնում,- հանգստորեն շարունակում է առյուծը:
- Չի՛ կարող պատահել,- շփոթվում է եզը,- ախր, մենք` տղամարդիկս, միանման ենք մտածում, և դա միշտ է այդպես եղել, մենք միշտ իշխել ենք մեր կանանց:
Առյուծը ժպտում է, աչքի տակով նայում եզին և կոկորդը մաքրելով պատասխանում.
- Հարգելի՛ս, իրականում մենք տարբեր ենք. ես առյուծ եմ, իսկ կինս` էգ առյուծ, իսկ դու եզ ես, կինդ էլ` կով: Հետևաբար եթե ես էլ քեզ պես վարվեմ` ծեծեմ կնոջս, հայհոյեմ նրան ու նվաստացնեմ, քեզանից ոչնչով չեմ տարբերվի:
Եզը չպատասխանեց ու նեղացած հեռացավ` մտքում հայհոյելով ինքնահավան առյուծին, ով աշխարհից ու կյանքից ոչինչ չի հասկանում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/500284563360991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել