Պիտի գրեմ քո մասին… այլապես կխենթանամ քեզ մատնանշող ամեն բան զսպելու իմ պարտքից: Պիտի գրեմ քո մասին ու ամեն տառը տպելիս պիտի մտաբերեմ կադրերը մեր` դեռևս անջատ ներկայից: Պիտի գրեմ ու հագենամ քո կարոտով, պիտի գրեմ ու հիշեմ, վերհիշեմ քեզ հետ կապված ամեն մի միլիվայրկյանի գեղեցկությունն ու թրթիռը:

Քո մասին եմ ուզում գրել, գրել քեզ համար, քո շնչով պարուրված քեզ կերտել եմ ուզում, ուզում եմ գրել դիմագծերդ ու պինդ պահել  «Համեմատական քաղաքագիտության»  առարկայի իմ տետրում: Ուզում եմ գրել դեմքիդ ամեն միմիկան ու թերությունը, ուզում եմ տառերով, բառերով նկարել քեզ, դրոշմել իմ տեսողության, լսողության, երևակայության, հիշողության, ձեռքերիս մեջ: Ուզում եմ գրել քո մասին, բայց չգիտեմ, թե ինչ… Անորոշության չափաբաժինն անչափ մեծ է, տարածությունը` կործանարար: Դուրս եմ գալիս քեզնից բաժանող դռներից, պտտվում եմ, նայում դեպի քեզ տանող միջանցքին, մտովի ետ վազում ու գրկում անծանոթ մեկի հետ խոսող թիկունքդ, այնուհետև կախում եմ գլուխս ու բուռն կարոտի զգացումով լցված պոկում ոտքերս շեմիցդ, բարձրանում եմ դեպի անտարբեր իրենց ճամփով սահուն ընթացող մեքենաներն ու զգում, որ հևասպառ եմ լինում… առանց քեզ:

Ու շաբաթվա յոթ օրերն էլ սպասումի ու կարոտի պահեստների են վերածվում: Շաբաթվա բոլոր օրերը հատ առ հատ, անգամ այն երկու հրաշալի օրերը, երբ տեսնում եմ քեզ, երբ խաչվում են մեր հայացքներն ու երբ զգում եմ, ինչպես ես ամեն բան անում կողքիս պատահաբար հայտնվելու համար: Սիրում եմ քո տղամարդկային թվացյալ միամտությունն ու հեռատես լինելու կարողությունը:
Քանիցս զսպել եմ քո մասին գրելու ցանկությունս, որովհետև իրապես կարևոր բաների մասին երևի թե չեն գրում կամ գրում են, եթե ոգևորվածությունն ու էմոցիաները թույլ են տալիս կենտրոնանալ հայերենի բարդ քերականության ու շարահյուսության ուղղությամբ: Ամեն դեպքում ես դեռ շատ քո մասին պիտի գրեմ, այո՜, պիտի՜, որովհետև դու ի վերջո իմ գլխավոր հերոսն ես լինելու, իմ գլխավոր մուսան, իմ միա՜կ մուսան…
Քո մասին եմ ուզում գրել, անդադար գրել… քե՜զ գրել, քեզնո՜վ գրել ու գրել քե՜զ համար…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել