Չարի ու բարու մասին վեճերը հավերժական են առողջ հասարակարգերում։ Մարդիկ այդ ճանապարհով հստակեցնում են իրենց վերաբերմունքը հանդեպ այդ հասկացություններին, որոնք նրանց հնարավորություն են տալիս զերծ մնալ չարից ու իրենց գործելակերպով մերձենալ բարուն։
Պատահաբար կարդացի նման մի վիճաբանություն Ֆեյսիկի էջերում։
Խոսքը Ստալինի մասին էր։ Թողեցի այսպիսի մի երկու գրառում։ Փոքր խմբագրմամբ նրանք բերում եմ այստեղ։ Գուցե նրանք կօգնեն որոշ մարդկանց որոշ բաներ լավ հասկանալու հարցում։
Քաղաքական խոշոր գործիչների արածի գնահատականները ածանցյալ են տվյալ պահի քաղաքական առաջնահերթություններից և ենթակա են ժամանակային փոփոխությունների։ Բացարձակ դրական և բացարձակ բացասական քաղաքական խոշոր գործիչներ պատմությանը հայտնի չեն։ Բոլորն էլ որոշ բաներ շատ լավ են արել, որոշ բաներ էլ շատ վատ։ 20-րդ դարը ունեցել է երեք խոշոր քաղաքական գործիչներ, որոնց խղճի վրա ծանրացած են միլիոնավոր մարդկանց ոչնչացման մեղքերը։ Դրանք են՝ Լենինը, Ստալինը և Հիտլերը։ Եղել են նաև քիչ ավելի փոքր մասշտաբի նման մարդիկ, ինչպես, ասենք, Թալեաթն ու Էնվերը կամ էլ Պոլ-Պոտը։ Այս բոլոր թվարկածս մարդիկ այդ հանցանքները իրականացրել են հանուն իրենց երկրների հզորացմանը։ Ոմանց մոտ իրոք այդ հզորացումը լավ է ստացվել, իսկ ոմանց մոտ ոչ այդքան հաջող կամ նույնիսկ հակառակ էֆեկտին է հանգել, ինչպես, օրինակ, եղավ Հիտլերի դեպքում։
Իսկ ընդհանրապես քաղաքական գործիչների դեպքում բացառապես չի աշխատում լավ մարդ և վատ մարդ հասկացությունները։ Նրանք բոլորը անխտիր, այդ թվում նաև՝ թվարկածս մարդիկ, ի պաշտոնե երբեմն շատ լավ մարդ են, իսկ երբեմն էլ շատ վատ մարդ։ Դա քաղաքական գործիչների ճակատագիրն է։
Ավելացնեմ նաև, որ իմ թվարկած անձինք իրենց կառավարման տարիներին իրենք անձամբ ոչ մեկին չեն սպանել, սակայն վարպետորեն կառավարել են համընդհանուր տեռորի այն համակարգը, որը իրենք են ստեղծել իրենց երկրները շենացնելու համար։ Նպատակները՝ բարի, միջոցները՝ չարի։ Ահա սա է եղել այդ մարդկանց գործելակերպի պարզ նկարագիրը։