Մեր կյանքը կանանցից է կախված ու նրանցով է պայմանավորված ամեն բան, քանզի կյանքի շարունակականության և սերունդ տալու մեծագույն պարգևը հենց նրանց է տրված, և պատահական չէ, որ գարնան խորհուրդը` զարթոնքի, պտղաբերության և կյանքի փթթանքի զուգադիպում է հենց կանանց տոներին` կնոջ ու հատկապես մայրերի մեծարանքին:
Կարծիք կա, թե տղամարդկանց աշխարհ է Երկիրը, որը նրանք են կառավարում, ես կարծում եմ, որ դա ընդամենը մտապատրանք է, և միայն ուժեղ տղամարդիկ կհամաձայնեն ինձ հետ և կընդունեն, որ իրականում սա կանանց աշխարհն է, ու կանայք են ամենի պատճառը, առիթն ու <մեղավորը>: Կանայք են որոշիչն ու որոշողը: Բաց շատ հաճելի կլիներ, որ կանայք բացառապես դրական բաների <մեղավորը> լինեին, նրանցով և հանուն նրանց արարվեր, ոչ թե ավերվեր: Եվ այն, որ այսօր կնոջ դերը չի սահմանափակվում սոսկ տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ ու խնամքով, մեկ անգամ ևս ընդգծում է, որ առանց կանանց որևէ գործ գլուխ չի գա. կինը` որպես տեսակ, որպես մտածող և ունակ մարդ, ոչ միայն ցանկալի է, այլև պարտավոր է ընդգրկված լինել բոլոր ոլորտներում և ասպարեզներում: Ու տղամարդու բանական և սոսկ հաշվարկված մոտեցումներին հակադիր կանացի ընդգծված զգայուն և զգացմունքային մտածողությունն ու գործելակերպն է, որ կարող է առավել ամբողջական և ցանկալի արդյունք տալ, քան եթե մեր ողջ կյանքն ու գործուն ոլորտները միայն տղամարդկանցով պայմանավորված ու նրանց ձեռքում լինեին:
Զերծ մնալով ֆեմինիստական և ծայրահեղ զանազան գաղափարներից և մոտեցումներից` կեզրափակեմ հետևյալով. լավ է, որ կինը` կին է, տղարամդը` տղամարդ, և յուրաքանչյուրն իր դերն ու տեսակն է պահում և մատուցում, քանզի սրանք ոչ մրցակցության և ոչ էլ դերերի փոխարինման եզր ունեն: Սեռերի և դերերի նույնականացումն ու փոխակերպումը հանգեցնում է, ըստ իս, աննորմալ երևույթների և դրսևորումների, ինչը, կարծում եմ, հակասում է ոչ միայն ավանդույթային մտածողությանը, այլև բնության օրինաչափությանը: Այնպես որ լինել ուժեղ, գործունյա և մտածող կին, դեռևս չի նշանակում լինել տղամարդ-կին, ինչպես հաճախ ասում են: Շնորհավոր գեղեցիկ, բայց և ուժեղ սեռի` կանանց տոների առթիվ: Եվ, ինչպես պատկերավոր խոսքում է ասվում, <կանայք աշխարհի ամենանուրբ ջերմաչափերն են>:
Եվ ուրեմն, շատ նուրբ, զգույշ և խնամքով պետք է վարվել այդ ջերմաչափերի հետ, թե չէ, Աստված մի արասցե, այն կոտրվի,... գիտեք` ինչ կկատարվի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել