Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփեց ՀՀ կառավարության գործունեության 100 օրը, ոլորտ առ ոլորտ ներկայացրեց ախտորոշված խնդիրները, դրանք լուծելու քայլերը և այդ ուղղությամբ 100 օրում արդեն իսկ կատարված աշխատանքները: Ի դեպ՝ ասուլիսին ներկա էր 50-60 լրագրող:
Մի շարք ոլորտներ ներկայացնելուց հետո վարչապետը հասավ նաեւ մշակույթին: Նախ՝ ներկայացրեց խնդիրներն ու դրանց լուծման եղանակները, ապա 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները:
Եվ այսպես՝ մշակույթի ոլորտում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ մարզերում մշակույթն անհամաչափ է զարգացած, աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնությունը գրեթե բացակայում է, մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչը ցածր մակարդակի է, բացի այդ՝ հայ մշակույթը սակավ հանրահռչակ է, Հայաստանում էլ այլ մշակույթների ցածր ներկայացվածություն է նկատվում:
Այս ամենի արդյունքում մարզերի բնակչության համար այնքան էլ հասանելի չեն մշակութային ծառայությունները, լիարժեք չեն գործում մարզային մշակութային կազմակերպություններն ու ենթակառուցվածքները, մշակութային արտադրանքից, ծառայություններից, գույքի օգտագործումից ստացվող եկամուտները ցածր են, իսկ հայկական պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, հաշվառման ցածր աստիճանը վտանգում է օտարերկրյա պետություններում հայկական ժառանգությունը:
Կառավարությունը որպես երկարաժամկետ լուծումներ առաջարկում է մի շարք ծրագրեր իրականացնել մշակույթի ոլորտում վերոնշյալ խնդիրներն աստիճանաբար վերացնելու համար: Օրինակ՝ մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով 2017 թվականին նախատեսվում է իրականացնել «Մշակույթը մարզերում-2017» ծրագիրը, ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, ներդնել ոլորտի կազմակերպությունների տոմսերի վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգ, ստեղծել եւ տարածել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականի, իրականացնել օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձանի հաշվառման աշխատանքներ:
Իսկ այժմ արվածի մասով: Երեկվա ասուլիսից պարզ դարձավ, որ 100 օրվա ընթացքում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: Ուշագրավ է, որ Մշակույթի նախարարության ջանքերով արդեն մեկնարկել են մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման աշխատանքները, ժամանակակից կապի եւ տեղեկատվական միջոցների կիրառմամբ ստեղծվել են Հայաստանի 7 թանգարանի հավաքածուների մասին պատմող «Աուդիոգիդ» բջջային հավելվածները: Դրանք այցելուներին կտեղեկացնեն մշակութային կազմակերպություններում ընթացիկ եւ նախատեսվող միջոցառումների մասին: Ավելին` Մշակույթի նախարարությունը հատուկ քայլեր է ձեռնարկել, որպեսզի գրադարաններն ինտելեկտուալ զբաղմունքի կենտրոններ դառնան: Այս ուղղությամբ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մասնավոր կազմակերպությունների հետ, որպեսզի նախարարության ենթակայության գրադարաններում առաջիկա ամիսների ընթացքում ընթերցողներն ունենան անվճար Wi-Fi ինտերենետ: