Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետգաղութային, ինչպես նաև հետխորհրդային երկրներից որոշները այսօր գտնվում են սոցիալ-տնտեսական, պետաիրավական միևնույն հարթության վրա: Չնայած որոշ երկրներ Երկրորդ համաշխարհայինից հետո զգալի առաջընթաց ունեցան և կարողացան տնտեսական, իրավական և հասարակական զարգացում ունենալ, մինչդեռ Հայաստանը մնացել է նեոգաղութատիրական երկրների «զարգացման» տրամաբանության մեջ: Իհարկե, զարգացումը հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ, այսօր Հայաստանը ընդգրկելով զարգացող երկրների շրջանում և զարգացման համար նախադրյալներ չստեղծելով մենք ինքնակործանման ենք գնում: Ունենալով ինտելեկտուալ էական ներուժ՝ մենք չենք կարողանում մեր տնտեսությունը դնել ռելսերի վրա և ապահովել տնտեսական զարգացում: Համեմատելով այլ զարգացող երկների հետ՝ պարզ է դառնում, որ մեզ մոտ լիարժեք համապատասխանություն է հետգաղութային պետություններին բնորոշ հիմնական բնութագրիչներին, որոնցից առանձնացրել եմ երկու հիմնական հատկությունը`
1. Կառավարող քաղաքական էլիտան տիրապետության գործիքի վերածելով` օգտագործում է նացիոնալիզմը սոցիալական բևեռացումը և «նեոգաղութատիրական տնտեսությունը» քողարկելու համար: Սա «ֆունկցիոնալ նացիոնալիզմն» է, որը սպասարկում է իշխող վերնախավին, կատարում նրա վերարտադրության, իշխանության պահպանման ֆունկցիա և ամենևին էլ մտահոգ չէ այսպես կոչված «ազգային արժեքներով»:
2.Քաղաքական էլիտայի իշխանության ուժեղացում տնտեսության վրա և ավտորիտար կապիտալիզմի մոդելի հաստատում: Այստեղ ԱՊՀ երկրների արտահանումների մեջ բնական-հանքային ռեսուրսների մեծ և արդյունաբերական արտադրանքի փոքր տեսակարար կշիռը, որը նույն հեղինակը անվանում է «նեոգաղութատիրական առևտուր» (neocolonial trade): Տնտեսական զգալի ռեսուրսները ամբողջացնելով իրենց ձեռքում` ձևավորում են էլիտա, որը վերածվում է տնտեսական մոնոպոլիաները տիրող օլիգարխիայի, որոնք խուսափում են հասարակության դեմոկրատացումից, ազատ մրցակցությունից, ձգտում են սերտաճել իշխանության հետ, ձևավորել և պահպանել այն և ճնշել սեփական ժողովրդի բողոքի ցույցերը, որոնք վտանգում են նրա տնտեսական դիրքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել