Lragir.am-ը գրում է.
Հայաստան ներմուծվող ռուսական գազի տարանցման գինը վրացական կողմը նվազեցրել է: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
 «Նախկին պայմանագիրը 10 տոկոս ապրանքով էր: Ռուսաստանն ու Վրաստանը հետևյալ պայմանավորվածությունն են ձեռք բերել՝ այս պահին 1 մլրդ խմ գազի ներկրման դեպքում պայմանագիրը գործում է 10 տոկոս ապրանքով, հաջորդ միլիարդի վրա գումար է տրամադրված, որն իր արժեքով ավելի ցածր է, քան 10 տոկոս գազը: Հետևաբար, այս տրանզիտի ժամանակ Գազպրոմ ընկերությունը որոշակի գումար շահում է, որը նախատեսված է եղել այն սակագնի նվազեցման մեջ, որի մասին մենք հայտարարել ենք: Մենք ներկայացրել էինք 4 գործոն, որոնք ազդում են սակագնի նվազեցման վրա, որոնցից մեկը սա է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
 Վարչապետը մեր հաջորդ հարցին ի պատասխան ասաց, որ այս համաձայնությամբ չի չեզոքացվում այն ծրագիրը, ըստ որի՝ Վրաստանը կարող է Հայաստանի միջոցով գազ ստանալ Իրանից: Հիշեցնենք, որ այս բանակցությունների շրջանակներում Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել, որ եթե Վրաստանը լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա, այն կգնի Ռուսաստանից և ավելի էժան գնով՝ 1000 խմ դիմաց վճարելով 185 դոլար, նախկին 215-ի փոխարեն: Այնինչ, նախկինում Վրաստանի կողմից խոսվում էր իրանական գազ գնելու մասին, անգամ Հայաստանում ընկերություն էր ստեղծվել, որը պետք է տարանցման հարցով զբաղվեր:
 Ըստ Կարեն Կարապետյանի՝ 1 մլրդ խմ-ից ավելի ռուսական գազ Հայաստան ներմուծելու դեպքում տարանցման դիմաց գումար են վճարելու Վրաստանին: Վրացական գործընկերներն էլ այդ գումարով հնարավորություն են ունենում գազ գնել այն երկրից, որտեղից ցանկանում են:
 «Այնտեղ պարտադրանք չկա, որ դուք այդ գումարով պետք է առնեք ռուսական գազ: Իրենք առնելու են այն գազը, որը տրամաբանական է: Եվ եթե իրանական տրանզիտային գազը Հայաստանով լինի տրամաբանական, ապա իրենք կգնեն այդ գազը, եթե չլինի տրամաբանական, չեն գնի: Եթե ձեռք չտա, կգնի ադրբեջանականը, եթե ավելի ձեռնտու լինի ռուսականը, դա կգնի: Վրաստանը շուկայում ընտրելու է, պարտադրանք չկա: Ինչ վերաբերում է տրանզիտ երկրին ընդհանրապես: Տրանզիտ երկրի գործոնն ու ակտիվությունը միշտ պասիվ է, ինքը գործարքի կողմ է, երբ որ վաճառողը և գնորդը պայմանավորվում են, ինքը չի կարող ակտիվություն ցուցաբերել, գնալ, վաճառողին ասել՝ պարտադրում եմ քեզ կամ խնդրում եմ քեզ՝ էս գնորդին վճարիր», ասաց Կարեն Կարապետյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել