Նախագահական ընտրությունները Հայաստանում կայացան։ Հիմա 5 տարի հասարակությունը պետք է վայելի իր կատարած ընտրության արդյունքները։ Բնականաբար, «վայելել» հասկացությունը մեր դեպքում հարաբերական է հնչում։
Ոմանք, իսկ դրանք Հայաստանի օր օրի պակասող բնակչության 3-4% են կազմում, իրոք կվայելեն ընտրված նախագահին՝ երկիրը ղեկավարելու Սահմանադրությամբ հատկացված տարիները։
Իրենց կյանքից գոհ կլինեն նաև վերոհիշյալ 3-4%-ին մոտ կանգնած կամ նրանց հետ բարեկամական սերտ կապեր ունեցող 7-8%-ը։
Բնակչության գերակշռող մասն, այդուհանդերձ, կշարունակի ապրել այնպես, ինչպես ապրում էր ընտրություններից առաջ։
Բայց ինչպե՞ս էր ապրում։ Եվ մի՞թե դա կարելի է բնութագրել «ապրել» բառով։ Չէ՞ որ «ապրել» բնավ չի նշանակում լույսը բացվելուն պես մտածել միայն հանապազօրյա հացի մասին։ Կյանքն իր մեջ այլ բովանդակություն էլ է պարունակում՝ ուտելու խնդրից բացի։ Այլապես մարդն ինչո՞վ պիտի տարբերվի կենդանուց։
Համացանցի ամենատարբեր կայքերում ընտրությունների արդյունքների մասին տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց կարծիքների 98%-ը բառիս բուն իմաստով կարող են որակվել որպես անեծքների շարան վերընտրված նախագահի հասցեին։ Եվ այդ շարանի մեջ թաքուն, «օդը կեղտոտող» մի քանի անձինք փորձեր են անում իրենց ձայնը բարձրացնել ընդհանուր կարծիքի դեմ։ Բայց՝ անհաջող։
Ինչու՞ կյանքում էլ այդպես չէ։ Ինչու՞ միայն համացանցում են մարդիկ արտահայտում իրենց իրական կարծիքները, արժանի պատասխան տալիս, պաշտպանում սեփական դիրքերը։
Ինչու՞ համացանցում մարդս կարողանում է ճիշտ և կոնկրետ ձևակերպել իր միտքն ու չի ամաչում դրանից, իսկ իրական կյանքում հագնում է ստրուկի դիմակը։
Եվ ճի՞շտ է արդյոք աղաղակ բարձրացնել հիմա, երբ գործընթացն ավարտված է։
Ընդունե՛ք, որ ընտրարշավի ընթացքում բոլորն էլ ասում էին՝ «մեկ ա Սերժն ա անցնելու»։ Ու նա անցավ։ Ընտրվեց, որովհետև հասարակությունը չէր ուզում, որ նա անցնի, բայց թողեց։ Թողեց, նա էլ ընտրվեց։ Չէր անցնի, եթե մարդիկ միահամուռ լինեին, չէր անցնի, եթե մարդիկ իրենց դիրքերում լինեին, չէր ընտրվի, եթե ամեն մեկը չմտածեր՝ «միևնույն է, ոչինչ չի փոխվի» ու հանգիստ նստեր հեռուստացույցի առջև՝ հեռվից նայելով կատարվածի վրա, չէր անցնի, եթե մարդիկ, ովքեր վերցրին մի տեղ 5000, մյուս տեղում մինչև 20000 դրամ գումարի հասնող ընտրակաշառքները, չվերցնեին դրանք։ Ընդամենը մեկ անգամ կայուն լինեին, չմտածեին փորը լցնելու՝ Հայաստանում իշխող գերկարևոր խնդրի մասին։ Ընդամենը մեկ անգամ դառնային միահամուռ։
Հիմա 5 տարի երկիրը ղեկավարելու է մի մարդ, որի օրոք արտագաղթը հասավ չլսված մասշտաբների։ Մարդիկ պարզապես փախան երկրից։ Մարդիկ, ովքեր բիզնե՛ս ունեին, ու մի՛ քանի բիզնես, փակեցին ամեն ինչ, թողեցին իրենց տները և... փախան։ Ուրիշ բառով այդ գործընթացը չի կարելի բնութագրել։
Մոտակա 5 տարիներին էլի կփախչեն։ Կոնկրետ իմ ծանոթ 4 ընտանիք մինչև սեպտեմբեր կլքեն Հայաստանի Հանրապետության սահմանները։ Միջին հաշվով, 12 մարդ։ Եվ դա միայն իմ ծանոթների ոչ այնքան լայն շրջապատում։
Զարմանալի չի լինի, որ մոտակա հնգամյակի ընթացքում երկու–երեք հարյուր հազար մարդ լքեն հանրապետության տարածքը՝ առանց հետ գալու որևէ մի ցանկության։ Մոտակա հնգամյակում մարդիկ էլ ավելի կհիասթափվեն և՛ կյանքից, և՛ երկրից։ Կհիասթափվեն, որովհետև մարդկանց արտագաղթը կանգնեցնելու և ոչ մի քայլ Հայաստանը չի ձեռնարկում։ Այնպիսի տպավորություն է, որ երկրի ղեկավարները հատուկ են նման քաղաքականություն վարում, հատուկ օրենքներ են ընդունում, անում ամեն ինչ, որպեսզի մարդիկ զզվեն սեփական երկրից, փակեն իրենց բնակարանները և լքեն երկիրը։ Ապա ինչպե՞ս բացատրել իշխանությունների ձգտումները՝ մարդկանց կյանքը դժոխքի վերածելու բացահայտ գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել