Գայանե Հովսեփյան

Արաբկիրի թաղապետը շահարկում է Երևանի քաղաքապետի անունը:

2012թ. վերջին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երևանի թիվ 27 մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանը:

Ինչպես պնդում է Հովսեփյանը, իրեն աշխատանքից ազատել են առանց հիմնավոր պատճառների և իրավական հիմքերի: Մանկապարտեզի տնօրենը գտնվել է արձակուրդի մեջ, երբ Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի բաժնի պետ Գայանե Հարությունյանը զանգահարել է իրեն և ասել, որ իր բացակայության ժամանակ մանկապարտեզում ստուգումներ են կատարվել, ինչի արդյունքում՝ անճշտություն է արձանագրվել երեխաների փաստացի և մանկապարտեզի բուժքրոջ կողմից ներկայացված թվաքանակների միջև: Թաղապետարան կանչված տնօրենին թաղապետարանի կրթության և իրավաբանական բաժնի պետերը առաջարկել են՝ արձակուրդից հետկանչման դիմում գրել, որպեսզի կարգը պահպանվի: Հետկանչման դիմումը գրելուց անմիջապես հետո իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը պահանջել է, որ տնօրենը գրի նաև երկրորդ՝ աշխատանքից ազատման դիմումը: Հովսեփյանը շուտով սեպտեմբերի 2-ին՝ կիրակի օրը, երեկոյան ժամը 22:00 սահմաններում, փոստատարից ծանուցում է ստանում, որ ինքը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի 2012թ. օգոստոսի 27-ի թիվ 74/կ կարգադրությամբ, աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ կետով – վստահությունը կորցնելու հիմնավորմամբ, ազատվել է աշխատանքից:
Երբ հետաքրքրվեցի, թե եթե ազատման դիմում պետք է գրեի, էլ ինչի՞ համար էր այդ ամբողջ ներկայացումը, կրթության բաժնի պետ Գայանե Հարությունյանը հեգնեց. «Բա, չգիտե՞ս որ էս երկրում ըտենց են սարքում, իսկ մեր մեջքը պինդ ա, մեր մեջքին քաղաքապետն ա կանգնած, ընենց որ դիմումդ գրի-գնա»: Երբ մտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի մոտ, նա ինձ ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պահանջել, որպեսզի ինձ հեռացնեն աշխատանքից, սակայն, իբր իր խնդրանքից հետո, որոշել են ուղղակի ազատել աշխատանքից: Անտոնյանն ինձ բաց տեքստով ասաց. «Ես որ նշանակվեցի ստեղ, բաժինների պետեր կային, որ չէին ուզում դիմումով ազատվեն, բայց հետո տրաքած գնացին: Եթե դիմում չգրես, քեզ էլ կտրաքցընեմ ու ըտենց տրաքած կէթաս»,-«ՉԻ»-ին այսպես ներկայացրեց Գայանե Հովսեփյանը:
«Վարչական շրջանի ղեկավարի կողմից մի ակնթարթում ստվեր նետվեց իմ բազմամյա (34 տարի) մանկավարժական գործունեության վրա: Իսկ այդ տարիների ընթացքում աշխատել եմ և չեմ ունեցել ոչ մի թերացում, այլ բազմիցս արժանացել եմ պատվոգրերի ու շնորհակալագրերի»,-«ՉԻ»-ի հետ զրույցում նշեց Հովսեփյանը: Աշխատանքից ազատված տնօրենը բազմիցս փորձել է ընդունելություն գտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ, սակայն դա նրան չի հաջողվել: Տեղի ունեցածի արդյունքում՝ տնօրենը առողջական խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցում. «Ամենաարտառոցն այն է, որ իմ՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ վարչական շրջանի ղեկավարը իր շքախմբով այցելել է մանկապարտեզ, բացել է տվել առանձնասենյակի դուռը: Տարաբնույթ գործիքներով կտրել են չհրկիզվող պահարանների դռները, որտեղ եղել են հիմնարկին առնչվող փաստաթղթեր: Իմ հարցին, թե ի՞նչ հիմքերով են իմ բացակայության պարագայում աշխատասենյակի չհրկիզվող պահարանը կոտրում, իրավաբանական բաժնի պետ Գ. Կարապետյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, և որ իմ փոխարեն նշանակված մանկապարտեզի նոր տնօրենը (ով չունի մասնագիտական կրթություն) Երևանի քաղաքապետի ազգականն է, և իրենք որևէ խնդիր չունեն»:
Ինձանից դիմում կորզելու գործընթացը անընդմեջ շարունակվել է և զուգորդվել տարբեր բնույթի ահաբեկումներով. դստերս, օրինակ, ասել են՝ եթե մամադ դիմում չգրեց, այնպես կանենք, որ քեզ աշխատանքից կհեռացնեն: Իսկ թաղապետարանի կրթության բաժնի աշխատողներից մեկը զանգահարել է 87-ամյա սկեսրոջս, ով դուդուկահար Վաչե Հովսեփյանի այրին է, և ասել է. «Գիտե՞ք, որ իմ եղբայրը դատավոր է ու հասկանու՞մ եք ինչ հետևանքներ կարող են լինել, եթե հարսդ ազատման դիմում չգրի»:
Հովսեփյանն այս ամիսների ընթացքում ոչ միայն հասցրել է դատարան դիմել, այլ նաև որոշակի ենթադրություններ անել. «Այս վեց ամսվա ընթացքում ես փորձել եմ համադրել իրադարձությունները և հասկանալ՝ միգուցե քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորովին էլ տեղյակ չէ՞ այս ամենից, միգուցե նրա անունը անհարկի շահարկու՞մ են: Սակայն փաստն այն է, որ իմ փոխարեն մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակել են համապատասխան կրթություն չունեցող Գոհար Վարդանյանին, որը փաստորեն ուժեղ մեջք ունի և, ինչպես իրականությունը ցույց տվեց, պարտադիր էլ չէ, որ մանկավարժական նվիրումի ու 20-ամյա փորձառության աշխատանքային վաստակ ունենար: Միակ բանը, որ չի փոխվել այս վեց ամիսների ընթացքում, Արաբկիր վարչական շրջանի կրթության բաժնի պետ Գայանե Հարությունյանի արձագանքներն են՝ «Բողոքում ա, թող բողոքի, մեկ ա, սաղ մերոնք են: Մեր մեջքը շատ պինդ ա»,-նկատեց Գայանե Հովսեփյանը:
Ի դեպ՝ մարտի 5-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Արամյանի նախագահությամբ վճռել է Հովսեփյանի հայցն ընդդեմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ նախկին աշխատանքում վերականգնելու կարգադրությունն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի պահանջների մասին, մերժել:
Գայանե Հովսեփյանը, սակայն պատրաստվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել:

Մելանյա Ծառուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել