Կառավարության փոփոխությունից հետո որոշակիորեն վերանայվեց տնտեսական առանձին ճյուղերի քաղաքականությունը: Տնտեսության ակտիվացման գործում փորձ է արվում ներգարվել նաև արտաքին քաղաքական բլոկը: Ինչպես հիշում ենք, պետության բարձր օղակներով որոշ շրջան խոսվում էր դեսպանատների և դիվանագիտական կորպուսների միջոցով ներդրումներ ու բիզնես համագործակցության ծրագրեր ներգրավելու թեման:
Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին: Թեև հիմնավորման մեջ նշվում է, որ Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև, և ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները, այնուամենայնիվ, այս գործընթացը նախ և առաջ կարելի դիտարկել տնտեսական համագործակցության ուժեղացման տեսանկյունից:
Առհասարակ դիվանագիտական կորպուսները լուծում են քաղաքական խնդիրներ, բայց ոչ պակաս արդյունավետ կարող են գործել նաև բիզնես համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Բացի այդ՝ Դուբայում այս տարիներին մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացնում հայ գործարարները, իսկ հյուպատոսությունը կարող է պետական հովանավորի դեր ունենալ նաև նրանց համար: