Ու մինչ Լֆիկը հանգիստ, հետևողականորեն ու հիմնահատակ ավիրում է Փակ շուկան, բանկիր Տիկոն ու իրա կանտոռը ինչ-որ նոր լոլոներ են պատմում մեզ ու ինչ-որ նոր օրենքներ են գրում։
Այսօր մեր երիտթուրքական կառավարությունը ինչ-որ նոր բան է մոգոնել, որը կոչվում է «Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգ։ Ինչ-որ մի հրաշքով այս դժվար արտասանելի ու համարյա անհասկանալի լոլոն պետք է կանոնակարգի շինարարությունը Երևանում՝ հատկապես Փոքր կենտրոնում՝ ինչևինչ հարկային ու այլ միջոցառումներով։
Երբ քաղաքաշինության նախարարին հարցրել են, թե արդյո՞ք օրենքը կազդի Լֆիկի կողմից Փակ շուկայի ավիրման փաստի վրա, մեր խրոխտ չինովնիկն ասել է, որ հարցը կապ չունի թեմայի հետ (!!!), իսկ հետո էլ ասել է, որ եղած օրենքներով էլ չի կարելի, պարզապես պատժիչ միջոցներում է թերությունը, և դրանք էլ վերանայվելու են...
Ո՞նց հասկացնենք այս մեր չինովնիկներին, որ մեր գլուխների հետ կենակցել պետք չի, խնդիրը ոչ թե օրենքն է կամ դրա թերությունը, այլ մեր կառավարության ու այլ պատկան մարմինների, մեղմ ասած, հանցավոր անփութությունը, եթե չասեմ հանցակցությունը։ Եթե օրենքով չի կարելի պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքը փոխել, իսկ ոմն Լֆիկ, էն էլ Լիմիճնդրովիչ, վերցրել ու արել ա դա, ապա համապատասխան մարմինները վերցնում են ու սառեցնում են շինարարությունը, հետո մի հատ նենց տուգանք են գրում Լիմինդրի որդյակի վրա, որ մազերը թափի սթրեսից, հետո պարտավորեցնում են վերականգնել շենքի նախնական տեսքը, իսկ եթե դա չի արվում, ֆալշ ապրանքի տիրակալին ազատազրկում են իսկ նրա ֆինանսական միջոցների վրա կալանք է դրվում այն չափով, որ չափով գնահատվում է պատճառված վնասի հարցը: Այլ հարց է, որ մեր պատկան մարմինները ղեկավարվում են կամ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր էդքան պլոճիկ չունեն, որ օրենքի տառին հետևեն, կամ էլ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր ըստ էության նույն Լֆիկն են՝ ուղղակի ուրիշ անուն-ազգանունով։
Այնպես որ, հերիք է նոր թղթեր մրեք հերթական անիմաստ օրենքով, որը, միևնույն է, չեք կիրառելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/251779628292300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել