Ավագ տոները ի պատիվ և ի հիշատակություն տոնելի ավագ սրբերի և ի մխիթարություն տերունական բարեպաշտ ուխտավորների մեծ նշանակություն ունի Երուսաղեմի համար և շքեղ հանդերձանքով են տոնվում սույն երանելի սրբերի տոները: Ս. Եկեղեցին խորհրդավոր կարգադրությամբ սահմանել է, որպեսզի այդ տոները կատարենք նոր տոմարով՝ Դեկտեմբեր ամսվա վերջին, իսկ հին տոմարով Հունվար ամսվա սկզբին, անշուշտ այն գիտակից համոզմամբ, թե ավագ տոների սրբերից ոմանք իբրև Փրկչի մեձավոր ազգականներ և ոմանք իբրև ժամանակակիցներ, կարծես թե նախակարապետներ կամ առաջնորդներ են Հիսուս Քրիստոսի հրաշալի Ս. Ծննդյան:
Ավագ տոները իրենց հատուկ հանդիսավորությամբ տոնվեցին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում: Որոտման Որդիների տոնի հանդիսավոր Ս. Պատարագը մատուցեց Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը, որ Պատարագից անմիջապես հետո հանդիսապետեց նաև մեծահանդես թափորին: Պատարագի ընթացքում Պատրիարք Սրբազան Հօրը սպասարկեցին՝ Բեթղեհեմի Ս. Ծննդյան Տաճարի առժամյա տեսուչ՝ Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Բալյանը և Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ՝ Հոգշ. Տ. Թեոդորոս Վրդ. Զաքարյանը իսկ խնկարկու բուրվառակիրներն էին Հոգշ. Տ. Գևորգ Աբղ. Հայրապետյանը և Պատրիարքի Սրբազան Հոր գավազանակիր և քարտուղար՝ Հոգշ. Տ. Ներսեհ Աբղ. Ալոյանը:
Տոնից մեկ օր առաջ Գանձատնից դուրս են բերվում թանկարժեք սպասքներ, ոսկե կանթեղներ, ոսկեձույլ սկիհներ և ակնապարուր ավետարաններ զարդարելու համար Գլխադրի շարժական խորանը:
Ավագ տոների սրբերը, որպես Փրկիչ Հիսուսի Ս. ծննդյան նախակարապետներ կարծես ազդարարում են, թե մոտ է Աստվածորդու հրաշալի Ս. ծնունդը: Նրանք առաջընթացներ են՝ թե պիտի գա Մեսիան «ի ծնանիլ փառաւորապէս ի Սրբոյ Կուսէն Մարիամայ»:
Գալով Զեբեդիոսի որդի Հակոբոսին ու իր եղբորը՝ Հովհաննեսին, պետք է նշել, որ իրենց ըմբոստ նկարագրի համար կոչվել են նաև «Որոտման Որդիներ»: Հակոբոսը միակ առաքյալն է, որի նահատակության մասին խոսում է Ս. Գիրքը: Նա հանդիսանում է առաքյալների խմբի առաջին նահատակը: Հակոբոս առաքյալը հայերի շրջանում ծանոթ է որպես «Գլխադիր Առաքյալ»: Ըստ ավանդության Գլխադիր Առաքյալի մարմինը նետվում է Հոպպեյի (Յաֆա) ծովը և ալիքները նրան տանում են Իսպանիայի ծովեզերքը: Մեկ այլ ավանդության համաձայն նրա գլուխը բերվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս՝ Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին, որ թաղում է այն իր տան պարտեզում: Ս. Հակոբյանց Տաճարի, փոքր մատրան մեջ ակնհայտ երևում է գլխի թաղված տեղը, որ ասում ենք նաև «Գլխադիր»: Հակոբոս Առաքյալի հիշատակը կատարվում է իբրև Ավագ տոներից վերջինը, իր եղբոր՝ Հովհաննես Ավետարանչի հետ:
Հովհաննես Ավետարանիչը միակ առաքյալն է, ով չի նահատակվել, այլ վախճանվել է իր մահով: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Պատմոս կղզում, որտեղ և գրել է իր «Հայտնություն» գիրքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anunmakanun/posts/10210472399440401?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1484173326155890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել