Armtimes.com-ը գրում է.
 Եթե ժամանակ առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր թեկնածուական ատենախոսություն պաշտպանում ու գիտնական դառնում, այսօր արդեն նրա մասին են գրվում գիտական հոդվածներ: Համենայնդեպս, մեկ այդպիսի գործ գոյություն ունի, եւ անցյալ տարի այն լույս է տեսել «Երեւան 4» գիտական հոդվածների ժողովածուում:
 Խորագիրն է` «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը` Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա», իսկ հեղինակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
 Հոդվածը, որը տեղ է գտել գիտական հոդվածների ժողովածուում, ձոն է Տարոն Մարգարյանին: Այն հենց քաղաքապետի խոսքերը մեջբերելով էլ սկսվում է. «Վստա՛հ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին կունենանք այն Երեւանը, որի մասին երազում ենք»:
 Այնուհետեւ գիտությունների դոկտոր, պրոֆեսորը մասնավորապես գրում է. «2016-ին ողջ հայ ժողովուրդը նշում է անկախության քառորդդարյա հոբելյանը: Այդ 25-ամյա հոբելյանի մեջ առանձնանում է մի փոքրիկ հոբելյան եւս. այս աշնանը` նոյեմբերի 15-ին, լրանում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Անդրանիկի Մարգարյանի պաշտոնավարման 5-ամյա հոբելյանը: Ավագանին նրան ընտրեց միաձայն, իսկ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին: Մեկուկես տարի անց` 2013-ի մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի Ավագանու երկրորդ գումարման ընտրություններում երեւանցին վստահեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նրա գլխավորած ՀՀԿ թիմին` տեսնելով նրա կատարած աշխատանքն ու հաշվի առնելով  աշխատանքային հարուստ փորձը. ընտրեց ու չսխալվեց»:
 Կարծում եք` Երեւանի երաժշտական կյանքի առաջընթացին վերաբերող գիտական հոդվածում Տարոն Մարգարյանին անդրադարձն այսքանով սահմանափակվո՞ւմ է: Եթե այո, սխալվում եք:
 «Մենք այսօր ունենք գործող քաղաքապետ, ով տեղական ինքնակառավարման մարմիններում իր աշխատանքի տարիներին կուտակել է ուսանելի փորձ: Մեր աչքի առաջ է նրա կատարած աշխատանքը որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, որպես Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ վերջին հինգ տարիներին` Երեւանի քաղաքապետ: Նա լավ գիտե Երեւանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի առջեւ ծառացած խնդիրները, բնակիչների հոգսերն ու նրանց հուզող հարցերը, գիտե նաեւ դրանց լուծման ուղիները ու, որ ամենակարեւորն է, պատրաստ է դրանք լուծելու: Նա պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին` տվյալ դեպքում` երեւանցուն ծառայելու հնարավորություն»,- նաեւ գրում է Աննա Ասատրյանը, իսկ ձեզ էլ երեւի թվում է, թե փառաբանումն այսքանով ավարտվեց: Բայց ոչ...  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել