Lurer.com-ը գրում է.
 Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ պատրաստ է աշխատել հարաբերությունների նորմալացման շուրջ նույնիսկ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: Այդ մասին՝ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ասել է հունվարի 10-ին:
«Պատժամիջոցներն այն բաղադրիչն են, որը խիստ բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա: Բայց դրա հետ մեկտեղ եւ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում Մոսկվայում կողջունեին երկխոսության ցանկացած հնարավորություն եւ պատրաստ են դրան»,-հայտարարել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների չեղարկումն արդյոք պարտադիր պայման է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների վերաբերյալ նախագիծ պատրաստելու ամերիկացի մի խումբ սենատորների մտադրությունը Կրեմլում գնահատում են որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարներին հարվածելու հերթական փորձ:
«Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, բայց այստեղ մենք տեսնում ենք մեր հետագա երկկողմ հարաբերությունների հեռանկարներին հարվածը հարվածի հետեւից հասցնելու շարունակվող փորձեր»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու ակտի» հիման վրա հունվարի 9-ին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հինգ քաղաքացիների, այդ թվում՝ ՌԴ Հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել