Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք տնտեսական իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունը թողեցին ինչպես միջազգային շուկայի, այնպես էլ առանձին միությունների վրա:
2016 թվականը առատ էր իրադարձություններով ԵԱՏՄ-ի համար, որի անդամ պետություն է նաև Հայաստանը:
Մարտի 16-ին օրենսդիր մարմնի կողմից ընդունվեց միությունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման ԱԱՀ-ի վերացման նախագիծը:
Միությունը ընդլայնեց իր տնտեսական հարաբերությունները և հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
Արդեն տարեվերջին ստորագրվեց միության մաքսային օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս միասնականացնել մաքսային ձևակերպումները արտաքին սահմաններում, ինչպես նաև պարզեցնում է ապրանքների տեղափոխման պայմանները:
2017 թվականի վերաբերյալ մի շարք ֆինանսական կազմակերպություններ կանխատեսում են ՌԴ տնտեսության բարելավում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՏՄ-ի և մասնավորապես Հայաստանի վրա: