Համարվում է, որ գողական համակարգի հիմքերը գցել է Ստալինը, մինչդեռ ստալինյան ձեռնարկները ընդամենը պատասխան քայլ էին այն փաստի, որ պոլիտզեկերի (իրական քաղ և խղճի բանտարկյալների, որոնք նաև պատերազմ տեսած պրոֆեսիոնալ հեղափոխականներ էին) առատությունը ազատազրկման վայրերում վտանգավոր մակարդակի էին հասնում: Ահռելի քանակի կրթված, գաղափարական, Տրոցկու և Ձերժինսկու հետևորդներ և ժառանգներ էին հավաքվում սահմանափակ տարածքներում: Այդ մարդիկ ինքնակազմակերպվում էին, ստեղծում գաղտնի եղբայրություններ: Այդ փոքր եղբայրական «համույթները» իրենց առաքելությունը հռչակեցին համակարգի դեմ պայքարելը:

Սա է պատճառը, որ իրենց սկսեցին կոչել «լավ տղա»: Սովետական ռեժիմի արդարության վակուումը յուրովի լրացնող այդ մարդիկ, ինչքան էլ դաժան էին, բայց իրոք լավն էին, լավի համար էին պայքարում: Սթափ գնահատելով համակարգի դաժանությունը՝ «համույթների» հիմնադիրներն էլ ավելի խիստ ու դաժան կանոններ սահմանեցին իրենց համար: Հրաժարվել ընտանիք ունենալուց, սեփականությունից, կյանքի հասարակ բարիքները վայելելու իրավունքից, որպեսզի կազմաքանդեն ռեպրեսիվ համակարգը ու ազատություն պարգևեն մարդկանց: Համակարգն իր հերթին, ընկալելով վտանգը, սկսեց սեփական «գողականների» ստեղծման և նրանց «համույթներ» ներմուծման գործընթացը: Այսօրվա թմրամոլ, նյութապաշտ, «բախտի ջենտլմենները» դրա արդյունք են:

Համակարգի տապալմանը մեծապես նպաստած «համույթները» կորցրին իրենց առաքելությունը Սովետի փլուզումից հետո՝ վերածվելով հասարակ պետականածին հանցավոր խմբերի: Սովետի վերականգնումը, ըստ ամենայնի, կվերականգնի նաև «համույթների» գոյության իմաստը, իսկ դրանց ներսում նորից առաջատար դիրքեր կզբաղեցնեն նրանք, ում համար Ռոլս Ռոյսը ոչ մի բան չի նշանակում: Սակայն չունենալով նոր Ձերժինսկիներ ու Տրոցկիներ և նրանց ստեղծած ամուր պետականությունը՝ նոր Սովետը դժվար 70 տարի ձգի...

Հ.Գ. Հեչ մտածե՞լ եք, թե ինչու «գողականները» ազգություն ու կրոն չեն ճանաչում, բայց աստվածապաշտ են: Կամ ինչո՞ւ հենց ութանկյուն աստղ: Հետաքրքիր է նաև «մախերին չտալու», այսինքն՝ բռնություն չկիրառելու դոգման:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել