Ամանորյա հայկական եթերացանցը սովորական էր՝ ստանդարտ, միանման տոնական շոուներով, հարյուր տարվա հնության նախագծերի կրկնություններով, ու երբեք չհնացող, միշտ սիրելի ու հավերժ դասական հրաշալի հայկական ֆիլմերի ցուցադրություններով: Սակայն որքան փորձում եմ ուղեղիցս հանել Սերգեյ Դանիելյանի մերկ մարմնի տեսարանը, չի ստացվում: Օրը ցերեկով, երբ մարդիկ այդ ժամին միմյանց հյուր են գնում ու սեղանի շուրջ նստած հինգ օր շարունակ տեսնում են դերասանի մերկ հետույքը, իսկապես, Սիրոշոյի ասած՝ մոռանալ չի լինի… Լավ, որքանո՞վ էր տրամաբանական այդ տգեղ ու հակաէսթետիկ տեսարանով տափակ, անբովանդակ, խղճուկ այդ «ֆիլմը» 5 անգամ կրկնելու իմաստը:
Հասկացանք, որ անցնող տարին շատ վատն էր, բայց ձեր ինչների՞ն էր պետք նաև 2017-ի Ամանորը մարդկանց հուշերում Սերգեյ Դանիելյանի 5-րդ կետի պատկերով հավերժացնելը: Մի խոսքով՝ տհաճ, անճաշակ, հիմար ֆիլմ, ու հիմա եմ հասկանում, թե ինչու «Վայ, մամա ջան»… որովհետև նման տուպիզմը դիտելուց հետո լացդ է գալիս ու միայն վերոհիշյալ ողբալի արտահայտությունն ես քթիդ տակ անընդհատ ուզում ասել: Մի հարց միայն այսքան ժամանակ ինձ մնաց անհասկանալի… Հրաշալի այդ դերասանական կազմը ի՞նչ գիպնոզի ազդեցության տակ է հանձն առել նման տափակաբանության մեջ խաղալու պարտականությունը: Ափսոս ձեր խաղը, ձեր դասական հայերենով դուբլյաժը, որ նման հիմարության մեջ եք ներդրել: