Ստացա խոստացված պարզաբանումը Գերմանիայի Հայոց թեմից. խեղճերը իրենց գործը թողել` սկսել են զրպարտությունների արձագանքել...
Ցավում եմ, որ մի հիմարի գցած քարը ամեն անգամ ստիպված են հարյուր խելոքով հանել.... Հուսամ՝ կլինի հրապարակավ հերքում այն մարդկանց կողմից, ովքեր, առանց երկրորդ կողմի կարծիքը հաշվի առնելու, շտապել էին տարածել հերյուրանքը:
***
BlogNews-ում հրատարակուած մի գրութեան մասին, որին արձագանքեցին նաեւ այլ լրատուամիջոցներ
Ի պատասխան վերոյիշեալ գրութեան անհրաժեշտ ենք նկատում տեղեկացնել հետեւեալը:
1. Գերմանիայի Թեմում ծառայում են վեց հայ հոգեւորականներ, որոնցից չորսը բացարձակապէս չեն տիրապետում թուրքերէն լեզուին, հետեւաբար չեն էլ կարող խօսել կամ քարոզել թուրքերէն: Մնացեալ երկու հոգեւոականներից մէկն էլ միայն վերջերս է ձեռնադրուել եւ ընդամենը մէկ ամիս առաջ հովուական պաշտօնի նշանակուել Քէօլնի Հայ Համայնքում: 1995 թ. Յունուարից սկսած Քէօլնի Հայ Համայնքում միշտ էլ ծառայել եւ հետեւաբար Սբ. Պատարագներ են մատուցել ու այլ արարողութիւններ են կատարել հոգեւորականներ, որոնք չեն տիրապետում թուրքերէնին: Կարծում ենք հասկանալի եւ յստակ է, որ նրանք չէին եւ չեն կարող խօսել ու քարոզել թուրքերէն: Հետեւաբար միայն Թեմակալ Առաջնորդ Գարեգին Սրբազանն է, որ տիրապետում է թուրքերէնին: Իսկ Առաջնորդ Սրբազանը միայն երբեմն է անձնապէս Սբ. Պատարագ մատուցում, հիմնականում եկեղեցական մեծ տօների առիթով, որոնց ընթացքում էլ քարոզում է ընդհանրապէս հայերէն:
Այնուհանդերձ գաղտնիք չէ, որ Գերմանիոյ հայութեան մի ստուար զանգուած այստեղ է եկել Թուրքիայի զանազան գաւառներից եւ բոլորիս ծանօթ պատճառներով զրկուած է եղել սովորելու իր մայրենի լեզուն: Նրանք կարողացել են ծանր պայմանների տակ շատ յաճախ գաղտնի կերպով պահպանել միայն իրենց քրիստոնէական հաւատքը եւ կապուածութիւնը մեր եկեղեցուն: Գերմանիա տեղափոխուելուց յետոյ նրանց բացարձակ մեծամասնութիւնը իր պարտքն է նկատել կազմել եկեղեցական համայնքներ եւ որպէս իրենց հաւատքի արտայայտութիւն մասնակցել եկեղեցական արարողութիւններին: Նրանք բոլորն էլ, երբ մասնակցում են Սբ. Պատարագին եւ այլ արարողութիւններին, որոնք երբեմն տեւում են երկու ժամ կամ աւելի, համբերատարութեամբ ունկնդիր մեր աղոթքներին ու շարականներին եւ նաեւ քարոզին, յաճախ առանց գոնէ մէկ բառ հասկանալու, բայց գիտակից, որ դա իրենց հայրերի եւ մայրերի աստուածախօս հայերէն լեզուն է: Չի եղել եւ չի կարող լինել մի դէպք, որ Գերմանիայում գործող Հայ Եկեղեցում արարողութիւն մատուցուի թուրքերէնով:
Առաջնորդարանը, որպէսզի այս մարդիկ գոնէ ինչ-որ չափով հասկանան արարողութիւնները եւ հաղորդակից դառնան Հայ Եկեղեցու ուսմունքին, տօներին ու սովորութիւններին, հայերէնին եւ գերմաներէնին զուգահեռ երբեմն պատրաստում է նաեւ իրենց հասկանալի լեզուով գրքոյկներ ու թերթիկներ եւ դրանք բաժանում նրանց: Մեծ Պահքի ընթացքին, երբեմն-երբեմն, բայց ընդհանրապէս եկեղեցուց դուրս սրահի մէջ, թրքախօս զանգուածին իրենց հասկանալի լեզուով բացատրութիւններ են տրւում օրուայ խորհրդի եւ իմաստի մասին: Առանձին կամ անհատական ծէսերի ընթացքում (Սբ. Մկրտութիւն, Սբ. Պսակ, Թաղում) հնարաւոր է, ընտանիքի խնդրանքին ընդառաջ եւ լեզուին գիտակ հոգեւորականի ներկայութեան դէպքում, յետ արարողութեան տրուի կարճ բացատրութիւն կամ խրատական ծէսի կամ խորհրդի մասին: Իսկ նման դէպքերը բացառութիւններ են:
Բնականաբար Առաջնորդարանիս եւ նրա բոլոր սպասաւորների փափաքն ու սպասումն է, որ մեր եկեղեցու զաւակները բոլոր էլ տիրապետեն հայերէնին: Բայց դառն իրականութիւնն այլ պատկեր է պարզում մեր աչքի առաջ: Իրենց հնարաւորութիւնների շրջանակներում առաջնորդական շատ ու շատ համայնքներում գործում են հայերէնի, բայց նաեւ երգ ու պարի դասընացքներ եւ մեր հայանքները անում են կարելին, մեր զաւակներին հասու դարձնելու մեր լեզուին ու մշակոյթին: Այլ հարց է, որ արդիւնքները շատ յաճախ հեռու են բաւարար լինելուց:
2. Գերմանիան եւրոպական այն քիչ երկրներից է, որտեղ պետականօրէն գործում է եկեղեցական տուրքի դրութիւնը: Այսինքն` իւրաքանչիւր գերմանացի անձ, եթէ նա արձանագրուած անդամ է գերմանական աւետարանական կամ կաթոլիկ եկեղեցիներից որեւէ մէկին, աշխատում է եւ տուրք է վճարում, ապա այդ իր վճարած տուքի մօտ 9 տոկոսը կազմում է եկեղեցական տուրքը: Այս տուրքը գանձւում է պետութեան կողմից եւ փոխանցւում համապատասխան եկեղեցիներին: Ըստ այդմ` որքան բարձր է ամսական աշխատավարձը, այնքան բարձր է նաեւ եկեղեցական տուրքը: Հայ Եկեղեցին առայժմ չի լրացնում երկրի օրէնսդրութեամբ հաստատուած սկզբունքները եւ չի կարող օգտուել այս կարելիութիւնից:
Բոլոր այն գերմանացի անձերը, ովքեր աշխատում են, բայց եկեղեցական տուրք չեն վճարում, պարտաւոր են գրաւոր դիմումով դուրս գալ եկեղեցու անդամութիւնից: Դրանից յետոյ նրանք տուեալ եկեղեցու անդամ չեն համարւում եւ նրանց համար գերմանական եկեղեցիները որեւէ ծէս չեն կատարում` ոչ դրամով, ոչ էլ առանց դրամի:
Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանի հիմնադրութիւնից յետոյ, ապահովելու համար Թեմի եւ նրան կապուած համայնքների հոգեւոր-կրօնական գործունէութիւնը, ինչպէս նաեւ Թեմում պաշտօնավարող հոգեւորականների ամսավճարները (փակագծում նշենք, որ այդ ամսավճարները ավելի քան կրկնակի անգամ քիչ են գերմանացի հոգեւորականների ամսավճարներից), Թեմական մարմինները Առաջնորդ Սրբազանի հետ համախորհուրդ հաստատեցին Թեմական տուրքի դրութիւնը, որը նորութիւն չէ նաեւ սփիւռքեան որեւէ այլ թեմի պարագայում եւս: Ըստ այդ դրութեան Գերմանիայում ապրող եւ աշխատող ցանկացած հայորդի, որ իրեն համարում է Հայ Եկեղեցու հետեւորդ եւ ցանկանում է աշխուժօրէն մասնակցել եկեղեցական համայնքի եւ նաեւ Առաջնորդարանի գործունէութեանը, ունենալ այդ մարմիններում ընտրելու եւ ընտրուելու իրաւունք, վճարում է ամսական մի խորհրդանշական գումար: Ներկայ դրութեամբ այդ գումարը կազմում է աշխատող եւ բաւարար աշխատավարձ ստացողների պարագայում ամսական 12 եւրօ, իսկ պետական նպաստ ստացող գործազուրկների եւ թոշակառուների պարագայում` ամսական 6 եւրօ: Անդամավճար տուողների համար եկեղեցական բոլոր ծէսերը (Սբ. Մկրտութիւն, Սբ. Պսակ, Թաղում եւ այլն) կատարւում են անվճար:
Առաջնորդարանը ամէն առիթով, գրաւոր կամ բանաւոր, կոչ է անում Գերմանիայում ապրող եւ իրենց Հայ Եկեղեցու հետեւորդ համարող հայորդիներին, գերմանացիների նմանողութեամբ անդամագրուել իրենց եկեղեցուն եւ ամսական մի փոքրիկ գումարով իրենց նիւթական նպասը բերել եկեղեցու գործունէութեանը: Փոխադարձաբար Եկեղեցին էլ նրանց համար ծէսերն ու խորհուրդները մատուցում եւ կատարում է անվճար: Այնուհանդերձ Գերմանիայում ապրում են հազարաւոր հայեր, որոնք թէեւ իրենց համարում են Հայ Եկեղեցու հետեւորդներ, բայց եւ այնպէս ենթակայական կամ առարկայական պատճառներով անդամավճար չեն տալիս:
Մենք չենք կարող եւ մեզ իրաւունք չենք տալիս գերմանական եկեղեցիների նման նրանց ասել, որ դուք անդամ չէք եկեղեցու եւ հետեւաբար մենք չենք կարող կատարել ձեր փափագած ծէսերն ու արարողութիւնները: Բայց եւ այնպէս զանազան պատճառներով էլ չենք կարող նրանց կողմից պատուիրուած ծէսերն ու արարողութիւնները կատարել բոլորովին անվճար, որովհետեւ մեր Թեմը չունի եկամուտի ուրիշ որեւէ մէկ աղբիւր: Հայերը շատ ցրուած են ապրում Գերմանիայում եւ յաճախ իւրաքանչիւր եկեղեցական պարտաւորւում է հարիւրաւոր կիլոմետրեր ճանապարհ կտրել ընդամենը մէկ ծէս կատարելու համար, որի պատճառով էլ Առաջնորդարանը ամէն ամիս ամսավճարի եւ տան ծախսերի կողքին իւրաքանչիւր եկեղեցականի համար միջին հաշուով վճարում է 300-400 եւրօ ճանապարհածախս: Աւելացնենք որ Առաջնորդարանի ծախսերի մաս են կազմում նաեւ իրեն կապուած համայնքների օժանդակութիւնները, որովհետեւ տաս համայնքներից միայն մէկ-երկուսն են կարողանում առանձին դիմագրաւել իրենց սեփական ծախսերը:
Այս պայմանները նկատի առնելով Թեմական-Պատգամաւորական-Ժողովի կողմից, որը Թեմի բարձրագոյն մարմինն է եւ իր մէջ ընդգրկում է Գերմանիայում գործող բոլոր եկեղեցական համայնքներից ներկայացուցիչներ, հաստատուել է մի սակագին, որով էլ նման դէպքերում առաջնորդւում է Առաջնորդարանի քարտուղարութիւնը: Սակայն այս դէպքում էլ թեմական մարմինները նկատի առնելով մեր ժողովրդի տարբեր հատուածների նիւթական կարելիութիւնները, սահմանել է տարբեր զեղչեր: Ցանկացած անձ, որ ապրում է Գերմանիայում եւ չի աշխատում, վճարում է սահմանուած սակի միայն կէսը: Հնարաւոր են եւ եղել են նաեւ շատ դէպքեր, երբ Առաջնորդարանը գրեթէ ամբողջութեամբ զեղչել է վճարուելիք գումարները: Սակագների ամբողջական քանակը գանձւում է միայն այն անձերից, ովքեր ապրում են Գերմանիայում, ունեն հաստատուն աշխատանք եւ ստանում են բաւարար գումար:
Վերոշարադրեալը յայտնի է մեր ժողովրդի մեծամասնութեանը, բայց հրատարակուած գրութեան պատճառով հարկ համարեցինք մէկ անգամ եւս մանրամասնօրէն ներկայացնել բոլոր հետաքրքրուողներին: Ի դէպ մի նշում եւս` Թէեւ համացանցային լրատուական դաշտը ազատօրէն հնարաւորութիւն է տալիս գրել եւ հրապարակել ցանկացած տիպի գրութիւն, այնուհանդերձ սպասելի էր, որ թէ այն գրողը եւ մանաւանդ արտատպող լրատուամիջոցները կապ հաստատէին նաեւ Առաջնորդարանի հետ եւ լսէին ու ունենային նաեւ մեր տեսակէտն ու դիրքորոշումը:
Դիւան Առաջնորդարանի
6 Մարտ 2013
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/579693162041646
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել