Barometer.am-ը գրում է.
Սենյակային ծաղիկների տերևների թառամելը բավականին տարածված խնդիր է: Ինչո՞ւմն է դրա պատճառը, և արդյո՞ք կարելի է կանխել դա:
• Խոնավության պակաս
Սկսնակ ծաղկաբույծների ամենատարածված սխալը բույսերը բավարար չափով չջրելն է: Հաճախ ստուգեք հողի վիճակը:
• Անհարմար ծաղկաման
Հնարավոր է, որ ծաղկամանի հատակի անցքերը չափազանց լայն են և չեն պահում ջուրը:
• Հողի սխալ բաղադրություն
Երբեմն հողի մեջ չափազանց շատ տորֆ է լինում: Այդ դեպքում պետք է բույսը տեղափոխել: Տեղափոխելուց առաջ բույսի արմատները մաքրեք հին հողից՝ զգուշորեն լվանալով հոսող ջրի տակ, և մշակեք ինչ-որ սնկասպան միջոցով:
• Չոր օդ
Սենյակի չափազանց չոր օդի դեպքում անհրաժեշտ է բույսերը հաճախ ջրել ջրցողիչով, ինչպես նաև չդնել արևի ուղիղ ճառագայթների տակ: Կարող եք նաև ծաղկամանը դնել ջրով լցված ամանի մեջ:
• Չափից շատ ջրելը
Ստուգեք հողը: Եթե նրա վրա մամուռ կա կամ բորբոսի հոտ է գալիս, դադարեք ջրել բույսը և թողեք, որ հողի վերին շերտը լավ չորանա: Եթե տերևները շարունակում են թոշնել, ապա ծաղիկն անհրաժեշտ է տեղափոխել: Հավանական է, որ արմատները խոնավությունից փտել են:
• Հիվանդություններ
Հիվանդության պատճառ կարող է դառնալ ջրմուղի սառը ջրով ջրելը կամ միջանցիկ քամին: Փորձեք բույսը մշակել “Ֆունդազոլով”:
Ավելի վտանգավոր պատճառ կարող է լինել վիրուսային ինֆեկցիան: Այդ դեպքում տերևները սկզբում փոխում են իրենց ձևը, հետո սկսում են թոշնել: Բուժելն անիմաստ է, բույսը պետք է ոչնչացնել:
• Վնասատուներ
Վնասատուների հայտնվելու դեպքում բույսը պետք է մշակել միջատասպան նյութերով: Երբեմն մեկ անգամը բավարար չէ: Մեկ շաբաթ հետո կրկնեք պրոցեդուրան: