Image may contain: 1 person, standingԷթնոպաշտպան մեխանիզմները սկսել են գործել հենց էթնոգենեզի սկզբնավորման շրջանում՝ էթնոսի միասնությունը, մշակույթն ու ձևավորված ընդհանրական հոգեկերտվածքը պահպանելու նպատակով: Ամեն մի էթնոս իր զարգացման ընթացքում անցնում է տարբեր փուլերով, հայտնվում տարբեր իրավիճակներում, բախվում կամ առնչվում է բազմաթիվ այլ էթնիկական հանրույթների հետ: Դրա արդյունքում նրա հոգեբանական ինքնապաշտպանությունն էլ նույնը չի մնում, լինում են էթնիկական «ԵՍ»-ի ուժեղացման, նրա հարմարվողական մեխանիզմների ավելի կամ նվազ արդյունավետության փուլեր: Վրա են հասնում նաև հոգեբանական ինքնապաշտպանության և ինքնապահպանման միտումների թուլացման շրջաններ, որի հետևանքով կարող են կործանվել նույնիսկ ուժեղ ազգերն ու պետությունները՝ իրենց ողջ քաղաքակրթությամբ: Դիտարկենք այս փոփոխությունները՝ ողջ էթնոսի ընդհանրական մակարդակում:
Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ազգի մեջ դավաճանների թիվն ավելանում է այն ժամանակ, երբ էթնոպաշտպան մեխանիզմները թուլանում և կորցնում են իրենց արդյունավետությունը, երբ ազգի ինքնապաշտպանական ներուժն ու ընդունակությունը նվազում է: Նվազագույնը դա կատարվում է 2 մակարդակում.
1.) Անհատի մակարդակում:
Այս մակարդակում էթնիկական ինքնապաշտպանության թուլացումը կարող է լինել եսասիրության, ագահության, վախկոտության, նախանձի, իշխանասիրության, և այլ հատկությունների ու դրանց դրդապատճառների ուժեղացման հետևանքով: Նման դեպքում անհատի «ես»-ի և իր էթնոսի «մենքի»-ի նույնացումը թուլանում է, որի արդյունքում անհատն իր եսասիրական շահերից ելնելով՝ հեշտությամբ լքում է իր խումբը: Նման դեպքերում անհատի ոչ-էթնիկական ինքնապաշտպանությունն կարող է անգամ ուժեղանալ:
2.) Ողջ էթնոսի մակարդակում:
Այս մակարդակում, ինչպես նաև նրա ենթախմբերում՝ ենթաէթնոսներում, դավաճանական հակումներ ունեցողների թվի մեծացումը, ընդհանուր առմամբ, պայմանավորված է ստորև նշված գործոնների ազդեցությամբ.
I) Այլ ժողովուրդների մշակույթի, մասնավորապես լեզվի ուսումնասիրության ազդեցության տակ,
II) Օտար կրոնի, նրա քարոզիչների ազդեցությամբ,
III) Այնպիսի սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են խուճապը, սարսափը, հասարակական կարծիքն ու զանգվածային այլ հուզական վիճակներ,
IV) Տվյալ էթնոսի ընդհանրական «ԵՍ»-կոնցեպցիայի անորոշության կամ թուլանալու հետևանքով:
V) Որևէ էթնիկական հանրույթում դավաճանական հակումն ուժեղանում է նաև ներէթնիկական կոնֆլիկտների, նրա կազմում գտնվող խմբերի (ենթաէթնոսներ, քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ, կրոններ կամ կրոնական ուղղություններ, տնտեսական կամ քաղաքական ընտրանու ենթախմբեր և այլն) մրցակցության հետևանքով: Նման մրցակցության արդյունքում հայտնվում են պարտվածներ, ովքեր ֆրուստրացված են և տվյալ էթնոսում իրենց առջև այլևս հեռանկարներ չեն տեսնում (Ֆրուստրացիա (լատ.՝ frustra ապարդյուն, անհաջող; frustratio՝ անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ երևակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։ Ֆրուստրացիոն վիճակն արտահայտվում է ապրումների և վարքի բնութագրական առանձնահատկություններով և պայմանավորված է օբյեկտիվորեն անհաղթահարելի կամ սուբյեկտիվորեն այդպես ընկալվող դժվարություններով, որոնք առաջանում են խնդրի լուծման կամ նպատակի ճանապարհին։ Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի զգացմունքներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, զայրույթը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ անձը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար)։
Բոլոր այս պնդումներն՝ առանց դժվարության, կարելի է հիմնավորել անցյալի ու մեր օրերի պատմության բազմաթիվ փաստերով:
Հ.Գ. Այս գործոններին էլ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել՝ համախմբված էթնոս ու կայուն պետություն պահելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել