miller-anais
    1932 թվականին՝ Փարիզում կայացած առաջին հանդիպումից ամիսներ անց, չնայած այն փաստին, որ երկուսն էլ ամուսնացած էին, կուբայացի հուշագիր Անաիս Նինը և հանրահայտ արձակագիր Հենրի Միլլերը սիրավեպ սկսեցին, որը տարիներ տևեց ու բազում կրքոտ նամակներ ծնեց: Ստորև ներկայացված նամակը գրվել է 1932 թվականի օգոստոսին՝ Լուվեսիեն`Նինի տուն այցելելուց շատ կարճ ժամանակ անց:
    14 օգոստոսի, 1932թ.
    Անաիս,
 Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր: Եկ վերջ դնենք խելամտությանը: Այն, ինչ եղավ Լուվեսիենում, ամուսնություն էր, ու դու չես կարող հերքել դա: Ես հեռացա՝ իմ մեջ քեզանից մասնիկներ  տանելով: Ես թափառում եմ, լողում, արյան օվկիանում, քո անդալուզյան արյան մեջ՝ թորած ու թունավոր: Ամենը, ինչ անում եմ, ասում կամ մտածում, զուգահեռվում է ամուսնության հետ: Ես տեսա քեզ իբրև տանտիրուհու, իբրև մավրի՝ մռայլ հայացքով, իբրև նեգրուհու՝ ճերմակ մաշկով ու աչքերով՝ ամբողջ մարմնի վրա, կին, կին, կին: Չգիտեմ՝ ինչպես կարող եմ ապրել քեզնից հեռու. այս դադարները հավասարազոր են մահվան: Ինչի՞ էր դա նման, երբ Ուգոն վերադարձավ: Արդյոք այնտե՞ղ էի ես դեռ: Չեմ պատկերացնում հպվելդ նրան, ինչպես հպվում էիր ինձ: Ծնկներդ կիպ: Թուլացած: Քաղցր, թակարդող լուռ համաձայնություն: Հնազանդ թռչնակ: Դու կին դարձար ինձ հետ: Ես գրեթե սարսափահար էի: Երեսուն չէ, դու հազար տարեկան ես: 
   Ես ինձ սպանված, ինքնաոչնչացած եմ զգում: Հասկանում եմ, որ խայտառակություն է ոչինչ չձեռնարկելը, քեզ բաժին ընկած ժամանակը գլորելը, այն փիլիսոփայորեն համբերելը, խելամիտ լինելը: Ո՞ւր է կորել ժամանակը, երբ տղամարդիկ կռվում էին, մեռնում, սպանում մի ձեռնոցի համար, մի հայացքի և այլն (գրամաֆոնը նվագում է ահասարսուռ արիան Մադամ Բաթերֆլայից՝ «Մի օր նա կգա»):
   Դեռ լսում եմ՝ ինչպես ես երգում խոհանոցում՝ մի տեսակ անմեղեդային, կուբայական միապաղաղ ոռնոց: Գիտեմ՝ երջանիկ ես խոհանոցում և ուտելիքը, որ պատրաստում ես, լավագույնն է, որ մենք կերել ենք միասին: Գիտեմ՝ թե վնասեիր քեզ, չէիր բողոքի: Ես կատարելապես խաղաղ ու երջանիկ եմ ճաշասենյակում նստած, զգեստիդ շրշյուններին ականջ դնելիս, զգեստդ՝ նման աստվածուհի Ինդրային՝ հազարավոր աչքերով ծածկված:
    Անաիս, ես մինչ այդ էլ սիրել եմ քեզ. վստահաբար երբեք չեմ զգացել այն, ինչ կատարվում է հիմա իմ մեջ: Տեսնես՝ այս ամենը այդքան հիասքանչ էր միայն ա՞յն պատճառով, որ կարճառոտ էր ու գողացված: Արդյո՞ք իրար համար էինք գործում, իրար հետ: Ես ավելի՞ն էի, քան ես, կամ պակաս, ու դու ավելի՞ն էիր, թե՞ պակաս, քան դու: Խելագարությո՞ւն է ենթադրելն իսկ, որ այս ամենը կարող էր շարունակվել:Ե՞րբ ու որտե՞ղ դժգույն ակնթարթները կսկսվեին: Ես ուշի-ուշով ուսումնասիրում եմ քեզ՝ հնարավոր թերություններդ, թույլ կողմերդ, վտանգավոր գոտիները բացահայտելու համար: Ու չեմ գտնում, ոչ մի հատ: Նշանակում է՝ սիրահարվել եմ, կույր եմ, կույր: Հավիտյան կույր լինել: (Հիմա էլ երգում են «Երկինք և օվկիան»-ը Լա Ջոկոնդայից):
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել