Բոլորովին գաղտնիք չէ, թե որքան մեծ է հայկական սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև Հայկական հարցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Կարծում եմ, որ բոլորիս են հայտնի նաև այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած են աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները. հայապահպանություն, կրթություն, օր ու գիշեր պայքար ազերա-թուրքական քարոզչական մեքենայի դեմ: Եվ եթե շատ ու շատ երկրներում հայկական համայնքները գրանցում են հաջողություններ` շնորհիվ համախմբվածության, թվային գերակայության, ապա այս տեսանկյունից գերմանահայ համայնքը երբեմն կանգնում է տարատեսակ խնդիրների առաջ: Գերմանիան այն երկրներից է, որտեղ գործում է աշխարհում ամենամեծ թուրքական համայնքը. միլիոնավոր թուրքեր Գերմանիայի քաղաքացի են և ներգրավված են երկրի գրեթե բոլոր ոլորտներում` տնտեսությունից մինչև իշխանություն, և իրենցից մեծ հասարակական ուժ են ներկայացնում: Այս պարագայում առավել դժվարանում է հայ համայնքի գործը` հակակշիռ ստեղծել թուրքական լոբբիին: Եվ եթե հաշվի առնենք Գերմանիայի` որպես պետություն դիրքն ու դերը Եվրոպայում և աշխարհում, կհասկանանք, թե որքան կարևոր է հայկական քարոզչության, հայ համայնքի դերը այդ երկրում…
Բոլորովին վերջերս գտնվում էի Գերմանիայում: Ամեն օր հրավերներ էի ստանում տարբեր քաղաքներից` ընկերներից ու հարազատներից, ինչպես նաև անծանոթ հայ ընտանիքներից: Մեծ ուրախությամբ ընդունելով հրավերները` եղա բազմաթիվ ընտանիքներում, ինչպես ասում են` առաջին դեմքից ծանոթացա հայ համայնքի առօրյային, նրա ձգտումներին ու երազանքներին, խնդիրներին ու մարտահրավերներին, և առաջին հայացքից հասարակ ճամփորդությունս վերածվեց մի յուրօրինակ հետազոտության, որի արդյունքներն էլ կներկայացնեմ այս և գալիք այլ հոդվածներում:
Նախ սկսենք նրանից, որ Գերմանիայի հայ համայնքը բազմաշերտ է: Այն բաղկացած է տարբեր ենթախմբերից` թուրքահայեր, ռուսահայեր, սիրիահայեր, պարսկահայեր, Հայաստանի հայեր և այլն: Եվ այս ենթախմբերից յուրաքանչյուրը տարբերվում է մնացածներից իր ուրույն սովորույթներով, մտածելակերպով, իրերն ու դեպքերը տեսնելու և վերլուծելու առանձնահատկությամբ: Ստացվում է, որ համայնքը միավորվելու, մոբիլիզացվելու խնդիր ունի, այս գործն էլ իրենց ուսերին են վերցրել տարբեր կառույցներ` հասարակական-ազգային կազմակերպություններ, հիմնադրամներ, խմբակներ և Հայ Առաքելական եկեղեցին: Սակայն ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հենց եկեղեցու վրա, ավելի կոնկրետ Գերմանիայի թեմի առաջնորդարանի վրա, որը գտնվում է Քյոլն քաղաքում: Եվ, պատկերացրե՛ք, համայնքի շատ ու շատ ներկայացուցիչների դժգոհությունը հենց եկեղեցուց է` Հայ Առաքելական եկեղեցուց, որը թերանում է շատ հարցերում` բորբոքելով տեղի հայերի արդար ու խորը դժգոհությունը: Նախ սկսենք նրանից, որ հայ համայնքում ծնված հայորդին, ով հետագայում հենց այդ համայնքի շարժիչ ուժն է դառնալու, հաճախ զրկված է հայկական եկեղեցում մկրտություն ստանալու աստվածահաճո պատվից: Քանի որ, ըստ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցին մեծ գումարներ է պահանջում կնունք, պսակադրություն, հոգեհանգիստ և այլ «պարտականություններ» ստանձնելու դիմաց: Խոսքը գնում է 500 և ավելի եվրո գումարի մասին: Առաջին հայացքից կթվա, թե Եվրոպայում բնակվող մարդու համար դա մեծ գումար չէ, բայց հաշվի՛ առեք, որ ոչ բոլորն են բարձր վարձատրվում, և Գերմանիան ապրելու համար այնքան էլ էժան երկիր չէ: Եվ ստացվում է, որ շատ ու շատ հայեր նախընտրում են իրենց երեխաներին մկրտության տանել կաթոլիկ կամ բողոքական եկեղեցի, որտեղ ոչ միայն նման աստղաբաշխական գումարներ չեն պահանջում, այլև մի բան էլ սատարում են նորածնին ու նրա ընտանիքին:
Եվս մեկ փաստ, որն ինձ համար ամենաքիչը զավեշտալի էր, սակայն նաև անսահման ցավալի: Եկեղեցում շատ հաճախ պատարագների, ժամերգությունների քարոզները և համայնքի հետ հանդիպումներն անցկացվում են թուրքերենով: Հասկանո՞ւմ եք` մեր դարավոր թշնամու լեզվով է այսօր հնչում աղոթքը հայկական եկեղեցում: Իսկ պարզաբանումը մեկն է, այն, որ համայնքի մեծ մասը, ինչպես արդեն նշել եմ, թուրքահայեր են, ովքեր մեծամասամբ հայերեն չեն խոսում կամ տիրապետում են շատ վատ: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Թքած, որ պատարագին մասնակցում են նաև հայեր, ովքեր թուրքերեն չգիտեն, և թքած, որ Սուրբ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծեց հենց նաև այն պատճառով, որպեսզի հայ մարդը Աստծո տաճարում Աստծո խոսքը լսի մայրենիով, ու թքած այն փաստի վրա, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի մոտ թուրքն ու թուրքերենը բացասական ասոցացումներ են ունենում: Էլ ինչպե՞ս աղոթել առ երկինք, երբ քեզ քո եկեղեցում անարգված ու մերժված ես զգում: Լավ, կարող եմ ընդունել, որ մարդիկ, ովքեր չեն հասկանում հայերեն, հետևաբար չեն հասկանա նաև պատարագի հայալեզու քարոզը, բայց արձանագրենք մի փաստ, որ Գերմանիայում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է և տիրապետում է գերմաներենին, հետևաբար ինչո՞ւ մեր հոգևոր առաջնորդները համայնքի հետ չեն շփվում հենց այդ լեզվով: Եվ ևս մեկ դիտարկում, չէ՞ որ, եթե եկեղեցին սրտացավորեն լծվի օտար երկրում հայապահպանության կարևորագույն գործին, ապա հենց հայալեզու քարոզները ևս մեկ խթան կդառնան, որպեսզի հայ մարդն առնչվի մայրենիին, և սկսի վերջիվերջո սովորել այն: Ի դեպ այս տեսակետը առաջ քաշեցին հենց թուրքահայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր նույնպես չէին հասկանում ու չէին ընդունում եկեղեցու այդ տարօրինակ պահվածքը:
Եվ հարց, ո՞ւր է նայում փառապանծ սփյուռքի նախարարությունը: Չէ՞ որ տարատեսակ մեդալներից բացի շատ ավելի կարևոր ու ազգանվեր գործեր կան, թե՞ դուք իրավասու չեք խառնվել եկեղեցու գործերին, իսկ դուք տեղյա՞կ եք, որ հենց այդ եկեղեցին երբեմն շատ ավելի շատ է մասնակցում տարատեսակ քաղաքական ու դիվանագիտական իրադարձությունների (այս մասին առավել հանգամանորեն կխոսեմ հաջորդ հոդվածում): Եվ կամ ինչպե՞ս է այս հարցին վերաբերվում Էջմիածինը: Գիտենք, որ Քյոլնի առաջնորդարանը պատկանում է Էջմիածնի կաթողիկոսարանին, և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավասու և ի զորու է վերահսկել այս ամենը, լսել ու զորավիգ լինել իր հոտին, ով օտար ափերում առավել քան ունի նրա կարիքը: Ես փոխանցում եմ Գերմանիայում ապրող բազմաթիվ հայորդիների մտահոգությունը, և հույսը, որ մայր հայրենիքից շուտափույթ արձագանք կլինի այս և այլ կնճռոտ խնդիրներին, որոնց վստահաբար տեղյակ են ՀՀ վերին օղակներում և Վեհարանում:

շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել