Մտածեցի ստեղ էլ դնեմ այս փոքրիկ հարցազրույցը, որ չկորցնեմ
նախաբան
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Միանգամայն համաձայն եմ, բայց ես կգնահատեի 3/5, այդ կարքի ավիրվածությունները միանշանակ սկզբունքորեն փոխել են շենքի կառուցվածքը եւ փիլիսոփայությունը: Մեզանում տարածված են անգրագետ պատկերացումները, թե հուշարձանը պահպանել նշանակում է պահպանել ճակատը՝ այն էլ ընդհանուր առմամբ: Իրականում շենքը միասնական օրգանիզմ է, ներքին տարածությունների կազմակերպումը ոչ պակաս, եթե ոչ ավելի կարեւոր է:
Ամենավատը նա է, որ նույնիսկ այն մասնագետները, որոնք առանց կասկածների խոսում են Շուկայի քանդման մասին, չեն ասում ամբողջ ճշմարտությունը: Անընդհատ խոսվում է «ինքնափլուզված» կամարների մասին (որոնք, բնականաբար, «ինքնափլուզվել» են միայն այն հատվածներում, որտեղ նախատեսվում էր ինքնակամ կառույց իրականացնել, բայց եթե պետք չլիներ, այդ կամարները դեռ 200 տարի հանգիստ կծառայեին, ու եթե նկատել եք, բոլոր «փորձագետները», որոնք մտային անմարդկային ճիգերով ապացույցներ էին մոգոնում ու երդվում էին, որ կամարները ինքնասպան եղան, բոլոր այդ մարդիկ խոսելուց մատքերը թաքուն խաչ էին անում): Ես բազմիցս գրել եմ դրա մասին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Խոսքը նրա մասին է, որ քանդվել են ոչ թե միայն կամարները, այլեւ շենքի ամբողջ հորինվածքի կարեւորագույն մասը՝ հետեւի պատը մեծ կամարով, որին կպած էին նաեւ շքեղ աստիճանները, եւ որով ավարտվում էր շուկայի կամարակապ լուսավոր մեծ դահլիճը, եւ որից հետո սկսվում էր շենքի երկրորդ մասը՝ մսի պասաժը: Այդ հզոր պատը, բնականաբար, չէր կարող ինքն իրեն քանդվել, բայց դեռ ոչ մի զեկույցում կամ հոդվածում ես մի բառ չեմ տեսել, որը բացատրություն կտա՝ ինչպես դա պատահեց:
Մի խոսքով, եթե հաշվի առնել, որ ծածկի կամարների թվի գրեթե կեսը, ամբողջությամբ հետնամասը՝ մսի պասաժը, դահլիճները բաժանող պատը՝ մեծ կամարակապ բացվածքով ավիրված են, շենքի մեջ առաջացել է հսկայական չարորակ ուռուցք՝ բազմահարկ շենք-«էտաժերկա», գլխավոր մուտքի թուջե դեկորատիվ ցանցը ապամոնտաժված է առանց վերահսկողության եւ փաստացի առեւանգված է (չնայած կարծես գտնվելու վայրը հայտնի է, բայց ոչ մեկ թույլ չէր տվել դրանք տեղափոխել), ապա Լիլիթ Գալստյանը ճիշտ է, հուշարձանը արդեն ավերված է, եւ շատ դժվար է հիմա հասկանալ՝ արդյոք ենթակա՞ է գոնե վերականգման, թե՞ ոչ:
Խնդիրը այն է, որ ոչ ոք չի ասում, որ հուշարձանների հետ չի կարելի աշխատել, չի կարելի օգտագործել, վերակառուցել: Համաշխարհային փորձը, փառք Աստծո, բազմաթիվ հրաշալի օրինակներ ունի, թե ինչպես կարելի է արդիականացնել հուշարձանները՝ նրանց դարձնելով արդիական եւ պետքական, բայց միեւնույն պահպանելով նրանց կառուցվածքը, նրանց մեջ դրված միտքն ու շունչը՝ ուղղակի էջ ավելացնելով երկարատեւ եւ հարուստ կենսագրությանը: Եվ եթե մարդավարի հարց դրվեր Շուկան վերակենդանացնելու, ապա պետք էր կատարել ուղումնասիրություններ, լրջորեն աշխատել առաջադրանքի վրա, հետո նոր գտնել լավագույն պատասխանները, թե ինչը եւ ինչպես կարելի է փոխել, ինչին կպնել չի կարելի եւ այլն: Սակայն էն բարբարոսությունից հետո, որ տեղի ունեցավ, իմ խորին համոզմամբ, կա միայն մի լուծում, որը ավելի շատ սկզբունքային է, քան մասնագիտական. ես համոզված եմ, որ հուշարձանը պետք է բերվի նախկին տեսքի, ամբողջությամբ հեռացվի քաղցկեղային ուռուցքը (խոսքը նորակառույց հարկերի մասին է), վերականգնվեն բոլոր կամարները, մսի պասաժի հատվածը՝ իր ծածկով, հետեւի մեծ պատը: Միակ բանը, որ հնարավոր չի լինի հեռացնել եւ ստիպված կլինենք թողնել, չնայած կիսագրագետ լուծումներին, դա ստորգետնյա կանգառն է: Խնդիրը ոչ միայն շուկան վերադարձնելն է իրական տիրոջը՝ Երեւանին եւ երեւանի քաղաքացիներին, այլ նախադեպ ստեղծել, որ նման բաները անպատասխան չեն մնալու, բայց պատիժը ոչ թե մեղավորներին 10 տարով բանտարկելն է՝ Երեւանին մեկ է, թե որտեղ այդ մարդիկ կշարունակեն իրենց դատարկ կյանքը, այլ կարեւորը գիտակցությունն է, որ ուշ թե շուտ սխալը ուղղվելու է: Դա պետք էր անել դեռ «Սեւան» հյուրանոցի ժամանակ:
Սեփականության իրավունքից զրկելու, փոխհատուցման, վերականգնելու եւ այլ հարցերը պետք է հուզական դաշտից տեղափոխել իրավական դաշտ, բոլոր կարծիքները այստեղ անիմաստ են, քանի որ կա օրենք, որը սահմանում է բոլոր քայլերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 40. | Հուշարձանների օգտագործման իրավունքի դադարումը |
Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Այդ պայմանները չկատարելու դեպքում`
ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:
Հոդված 44. | Պատասխանատվությունը հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար |
Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 45. | Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը |
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կարծում եմ, միակ ճանապարհը դատախազություն եւ դատարան դիմելն է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող
Ուրիշ հարց է, որ իմ խորին համոզմամբ շեշտը պետք է դնել ոչ թե սեփանակատիրոջ, այլ պետական մարմինների պատասխանատվության վրա, քանի որ ինչպես այս, այնպես էլ ուրիշ բազմաթիվ դեպքերը կատարվել են համապատասխան մարմինների անգործության եւ անթաքույց աջակցության պայմաններում:
Փաստորեն, Շուկայի պարագայում քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, հսկող ուրիշ մարմինները զբաղվել են միայն նրանով, որ փորձել են կասկածելի բացատրություններ եւ հիմնավորումներ գտնել արդեն կատարված ապօրինի քանդումների եւ շինարարական աշխատանքների համար: Եթե ուշադիր ուսումնասիրեք փաստերը, կտեսնեք, որ բոլոր պաշտոնական պատասխանները, ծիծաղելի տույժերը եւ մնացած արձագանքները մենք տեսել ենք միայն հասարակության կողմից բարձրացրած աղմուկից հետո, փաստորեն, այսօր հասարակությունը իր վրա է վերցրել պետական մարմինների ֆունկցիաների մեծ մասը, եւ հարց է առաջանում, այդ դեպքում ու՞մ են պետք միայն բյուջեից սնվող օղակները: Զավեշտի է հասնում, երբ, ասենք, ստուգող եւ վերահսկող օղակները հասարակական ճնշման արդյունքում մեծ ուշացումով ստիպված «հայտնաբերում» են խախտումներ եւ իրենք իսկ սկսում են սեփականատիրոջ փոխարեն արդարացումենր որոնել կատարվածի համար: Սակայն հավաստիացնում եմ, որ նույն մարմինները սովորական մահկանացուների նկատմամբ միշտ աջալուրջ եւ անողոք են:
Մյուս հարցը, որը ինձ անհանգստացնում է, դա քաղաքապետի վերաբերմունքն է: Ցանկացած ղեկավար պարտավոր է զգալ պատասխանատվությունը իրեն վստահված գույքի համար, լինի դա պահեստ, խանութ, գործարան թե քաղաք: Չեմ կարծում, թե իրեն հարգող տնօրեն թույլ կտա, որ իր կողմից տնօրինվող տարածքում առանց համապատասխան թույլտվության, ժողովրդի ասած՝ իր գլխից թռնելով ինչ-որ մեկը գործունեություն ծավալի, գույք փչացնի, գողանա, ձեւափոխի: Սա ղեկավարման տարրական սկզբունք է, որը աշխատում է միշտ՝ թե դարեր առաջ, թե այսօր: Զարմանալի է, բայց պետք է լիովին զուրկ լինել սովորական մարդկային ինքնասիրությունից եւ հպարտությունից, որպեսզի թույլ տալ, որ մայրաքաղաքում այսպիսի բարբարոսություն տեղի ունենա առանց որեւէ գոնե շինծու փաստաթղթի: Շատերը ինձ չեն հավատում, երբ ասում եմ, որ Շուկայի վերակառուցման նախագիծ գոյություն չունի, բայց դրա մասին է վկայում մեր կողմից Նախագահին գրված նամակի քաղաքապետարանից ստացված պաշտոնական պատասխանը: Փաստորեն, քաղաքապետարանը համաձայն է, որ չունի ոչ ուժ եւ կամք, որպեսզի կանգնեցնի հանցագործությունը, ոչ էլ գոնե ուժ եւ լկտիություն, որ գոնե տոտալիտար մեթոդով իր վրա վերցնի պատասխանատվությունը (ինչպես նախկինում էին անում):