Որպես նախաբան, մի հարց վերջերս մեր հերոսներից մեկի անունը շատ տվող ու դոշին խփող հայրենակիցներիս. ո՞նց եք կարծում, ազգի նվիրյալները, որոնք արյուն էին թափում ոչ վիրտուալ կյանքում հայրենիքի համար, կարո՞ղ էին արդյոք պատկերացնել, որ վերջապես Հայաստանը կդառնա ազատ, անկախ պետություն, ու ՀՀ քաղաքացիները պարբերաբար եւ հերթով կոչնչացնեն, կպղծեն, կայլանդակեն իրենց Մեծ Հայրենակիցների ստեղծածը, ասենք, Գրիգոր Աղաբաբյանի կերտած շենքը, Գրիգոր Աղաբաբյանի, որի կողքին նույնիսկ կանգնելու իրավունքը չեն վաստակել էսօրվա ջոջերն ու փողատերերը:

Հունվարի 14-ին Երեւանի պահպանության նախաձեռնությունների միավորումը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Փակ շուկայի տարածքում ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար:

Հարգարժան պրն. նախագահ,

Դիմում ենք Ձեզ՝ որպես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին եւ կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետեւանքով վերանալու է Երեւանի նշանային եւ ամենասիրելի կառույցներից մեկը։ Պահանջում ենք, որ Շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի եւ հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով
:

Երբ ուղարկում էինք այս նամակը նախագահին, նպատակը, անկեղծ լինեմ, ընտրություններից օգտվելով «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակով գոնե շենքի մնացորդները փրկելն էր, չնայած շատերը, այդ թվում ես, էդ տարբերակին սկզբունքորեն դեմ եմ: Եթե Հայաստանը պետություն է, ապա կան համապատասխան օրենքներ, ու ոչ մի պաշտոնյայի, այդ թվում՝ ամենավերեւի, «բարի կամքն» ու «հոգատարությունը» ոչ մեկի պետք չէ: Իրականում, իմ պատկերացմամբ, այս նամակ-պահանջը պաշտոնյայից կատարել պարտականությունները ոչ թե խնդրանք էր մեր կողմից, այլ հակառակը՝ մենք վերջին հնարավորությունն էինք տալիս դեմքը փրկելու կամ ֆրանսիացու ասած՝ «quot;faire bonne mine a mauvais jeu»:

Շուտով եկավ պատասխան նախագահականից

IMAG0939
որը ցույց տվեց, որ հասարակության կողմից տրված շանսը չօգտագործվեց, ավելին՝ խասյաթ դարձած ֆուտբոլային լավագույն ավանդույթների համաձայն՝ նամակը փոխանցվեց-տշվեց քաղաքապետարան, այսինքն՝ այն կառույցին, որը մեղավորներից մեկն է:

Այսօր իմացա, որ նոր նամակ է ուղարկվել նույն հասցեով; իհարկե, բովանդակության հետ միանգամայն համաձայն լինելով, ցավով կարող եմ ենթադրել, որ նույն ճակատագրին կարժանանա:

Նորից եմ ասում. այս ճարտարապետական գոհարը, քաղաքի եզակի կառույցներից մեկը որպես հուշարձան այլեւս գոյություն չունի, ավիրված է, եւ վերականգնելը այլեւս գրեթե անհնար է:

Այսուհետ ես իմ կողմից կանեմ ամենը, ինչ ինձնից է կախված, որ մեղավորները պատժվեն օրենքի ուժով, բոլորը, ուշ թե շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել