Նոր Similarweb-ի տվյալներն էի նայում Հայաստանից վճարովի հավելվածների վերաբերյալ:
Ի զարմանս ինձ՝ բավականին «խաղամոլ» ազգ ենք: Ճիշտ ա, տրամաբանական էր, որ հիմնականում մարդիկ վճարում են նկարների հավելվածներին ու խաղերին, բայց զարմացա, որ տեսա վճարովի խաղերը գերակշռում են: Օրինակ՝ Google Play-ում առաջին 5 վճարովի հավելվածներից 3-ը խաղեր են: Հայ անդրոիդցիները կատաղած ձևով Minecraft: Pocket Edition են խաղում: Դրա գինը, ուշադրություն, 7 ամերիկյան դոլար է: Խաղը ընդհանուր ցանկում երկրորդ հորիզոնականում է:
App Store-ում մի քիչ ունևոր ենք հայերով: Առաջին հորիզոնականում է Assassin՛s Creed Identity խաղը, որն արժի 5 դոլար (չնայած զարմացած եմ, որ Հայաստանում մարդիկ խաղերին փող են տալիս, բայց էս խաղը խաղացողներին ռեսպեկտ, ապրեք տղերք, էտ 5 դոլարները բա հո կաֆեներում կոֆեի վրա չէիք ծախսելու կամ հո Minecraft: Pocket Edition չէիք խաղալու)։
Բացի այդ՝ առաջին 5 վճարովի հավելվածներից 4-ը խաղեր են: Սա վերաբերում էր iPhone-ի բաժանորդներին: Սխալ կլինի համեմատել «անդրոիդցիներ» լայն հասկացությունը միայն iPhone-ի բաժանորդների հետ, բայց փաստը մնում է փաստ, որ «iPhone-ովները» ավելի խաղամոլ են:
iPad-ով օգտատերերի դեպքում պատկերն ավելի նման է անդրոիդցիներին. այստեղ նույնպես 5-ից 3-ը խաղային ժանրում են:
Տվյալները դեկտեմբերի 23-ի դրությամբ են: Նշեմ, որ տարիքային առանձին խմբերի մասով հստակություն չկա: Այսինքն՝ չի բացառվում, որ այս ամբողջ թվային ցուցանիշները կառուցված լինեն դեռահասների վրա: Հիմա տեսեք՝ ինչի եմ առանձնահատուկ զարմանք արտահայտում, երբ խոսքը գնում է հայերի ու խաղերի մասին: Հայաստանում օնլայն շոփինգ հասկացողությունը շատ դժվարությամբ է զարգանում: Իսկ մի՞թե հետաքրքիր չէ այն ցուցանիշները տեղական ՏՏ ոլորտի մասնագետների համար, որ Հայաստանում մարդիկ էս պահին հիմնականում վճարում են խաղերին ու մի քիչ էլ նկարների հավելվածներին: Ես թվեցի սուպերհերոս խաղերի անունները, բայց հիշենք, որ Shadowmatic-ը, որը նույնպես հետաքրքիր խաղ է, մեծ հաջողություններ ունեցավ:
Հ.Գ Բայց ես ինչի՞ եմ ուրախացել: Որովհետև էս թվային տվյալների շարունակական լինելու դեպքում հօդս է ցնդում այն կարծրատիպը, թե խաղերը միայն էրեխեքն են խաղում: Ժողովուրդ, առհասարակ էսօր նենց խաղեր կան, որ էրեխուդ դուշմանը պետքա լինես, որ նստացնես, ասես՝ խաղա: Շատերից սկի մեծերը գլուխ չեն հանում, ուր մնաց էրեխեքը: